«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

84

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հունվարի 18-ին մեկ սեղանի շուրջ էր հավաքել «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, հրատարակիչներին եւ գրախանութների տնօրեններին:

Գրահրատարակիչներին մտահոգել էր այն լուրը, թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը:

Նրանց կարծիքով՝ սակագնային փաթեթի բարձրացման ռիսկը կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակվելուն, ինչպես նաեւ հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:

Հանդիպմանը «Հայփոստ»-ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Աբրահամյանը պարզաբանում ներկայացրեց՝ ընդգծելով, որ «Հայփոստ»-ը տարիներ շարունակ ինքնարժեքից էժան գնով է ծառայություն մատուցել, բայց իրավիճակն այնպիսին է, որ այլեւս այդպես հնարավոր չէ, քանի որ ընկերությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի վնասներ է կրել:

«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է «M» պարկ հատուկ փոստային ծառայությունը, որը մինչեւ 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, եւ միջազգային փոստափոխանակումներն էժան են ստացվում:

Այդ ծառայությունից զատ «Հայփոստ»-ը ներքին ծախսերի հաշվին եւս 20 տոկոս զեղչ կտրամադրի գրահրատարակիչներին եւ այլ կորպորատիվ  հաճախորդներին, որոնք պայմանագիր են կնքում ընկերության հետ»,-նշեց Աբրահամյանը:

«M» պարկ փաթեթի միջոցով մինչեւ 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր եւ այլն) ուղարկվում են մեկ հասցեով յուրաքանչյուր լրիվ եւ ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի համար վճարելով 4500 դրամ, իսկ ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը 2000 դրամ է: Պայմանագիր ունենալու դեպքում սահմանված գնից 20 տոկոս զեղչով է իրականացվում առաքումը:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ  «Հայփոստ»-ը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական հաստատություններ են եւ պետք է  քննարկեն, հասկանան՝ գիրքը բիզնե՞ս է, ապրա՞նք, թե՞ գիտելիք տարածելու միջոց է, գաղափարական ճակատի գործիք:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ, որի նախաձեռնությամբ իրականացավ հանդիպումը, նշեց՝ քննարկմանը պարզվեց, որ սակագների հետ կապված մտահոգությունները չափազանցված են, որովհետեւ «Հայփոստ»-ը  հետաքրքիր առաջարկ էր մշակել հրատարակիչների եւ գրախանութների համար:

«Ըստ իս՝ կառուցողական մթնոլորտում անցավ քննարկումը: Առաջիկայում քննարկելու ենք ներքին առաքումների հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ որոշ ժամանակ անց նորից կհանդիպենք ու, եթե իսկապես անհնար է չբարձրացնել Հայաստանի տարածքում առաքման սակագինը, ապա պետք է հասկանալ, թե պետությունը, որի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է գրահրատարակչական գործը, կարո՞ղ է օժանդակել մյուս պետական հիմնարկին՝ «Հայփոստ»-ին կամ հրատարակիչներին: Դա պետք է իրավական դաշտում հասկանալ»,-եզրափակեց Խաչատուրյանը: