Ինչու՞ չեն բացվում բուհերը

361

    Թվում է, թե պայքարում են վարակի կանխարգելման և ռիսկերը նվազագույն աստիճանի հասցնելու համար, բայց, արի ու տես, որ հանգամանքներն այլ բան են ապացուցում: Արդեն համարյա մեկ տարի է, ինչ առցանց ուսուցման փորձարկումն իրականացվում է մեզանում և, ըստ արդարության կամ մեղմ ասած, անօգուտ ու անընտել:

Շատ եմ լսել ուսանողներին, և ինքս էլ ուսանող լինելով հանդերձ կարող եմ փաստել, որ «օնլայն» կոչեցյալը միայն ժամանակի անիրավ վատնում է. և՛ դասախոսի կիրառած «մտավոր ռեսուրսների», և՛  ուսանողի տրամադրած «ջանասիրական նկրտումների» ապարդյուն անցկացում: Եթե մերօրյա համալսարանական կյանքը փորձենք խտացնել ու ճխտել մոնիթորի մեջ՝ կմնա միայն ընդհատվող համացանց ու «գիշերանոցով ուսանող»:

Ինչու՞ չեն հայտարարում պահանջվող գրականության ցանկեր և վերջինիս անգիր պատրաստուք՝ դիպլոմ ստանալու համար. դա էլ, ոչ պակաս առցանց կրթության մի տարբերակ կլիներ: Չի՛ լինի, որովհետև ուսանողական առօրյայի միակ նպատակը մասնագետների հետ շփումն է, առերեսումը բարձր մտածողների հետ, պրակտիկայի, մասնագիտացման թեև չնչին, բայց կարևոր փորձառության և վերջապես շփան՝ զարգացման, կրթման, լիանալու, լցվելու միակ արդյունավետ միջոցն է:

Ինչու՞ են փակ մնում «ԲՈՒՀԵՐԸ» (և կամ գործում կիսատ՝ առցանց, ինչն էլ հավասարազոր է չգործելուն), երբ երկրում անվերահսկելիորեն խարխափում է հակավիրուսային պատասխանատվությունը: Տրանսպորտից օգտվում են առանց դիմակ, խանութներում, զանազան հասարակական վայրերում դիմակն արդեն անիմաստ երեսի կախազարդ է, իսկ փողոցներում բացարձակապես չեն կրում: Ինչու՞ են շարունակում փակ պահել «ԲՈՒՀԵՐԸ»: Երևի բողոքի ակցիաներին չմասնակցելու և ուսանողների զգալի մասին (ովքեր մայրաքաղաքից չեն)իրենց գյուղ-քաղաքներում պահելու համա՞ր: Երևի իշխանության՝ սեփական ապիկարության դրսևորման մի փորձանո՞թ է:

     Մենք կորցնում ենք մեր լավագույն շրջանը, ամենաարգասաբեր տարիքը՝ կրթության, պիտանելիության համար, և, սա ոչ թե համաշխարհային մեղադրանք է հետապնդում, այլ սեփական իմպոտենտ իշխանությունների (ԿԳՄՍ և այլն) թուլակամություն: Ուսանողը ոչինչ չի սովորում, ուսանողը շփում է ուզում, ուսանողը առերեսում է ուզում և, վերջապես, պահանջում է իր վճարին համահունչ լիարժեք կրթություն: Ուսանողը ողջամիտ պատասխան և հարցի իրավացի լուծում է ուզում. մեր երիտասարդությունը սողում է մեր կողքով աննկատ, իսկ մենք «ճպռոտ» երեսներով մոնիթորներին ենք նայում ու անհեռանկար ժամանակը վատնում ու վատնվում: