Դավիթ Խաժակյանը հակադարձում է իրեն հակադարձողներին․

36

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանը ի դեմս ղեկավարի ֆեյսբուքյան էջով անդրադարձավ իմ այն գրառմանը, որով պնդում էի, որ քաղաքաշինական արժեք ներկայացնող Սայաթ-Նովա 5 հասցեի տանիքին մանսարդային ապօրինի հարկ է կառուցվում և իրենք ցուցաբերում են հանցավոր անգործություն։

Անդրադարձի մեջ նշվում է, որ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը նշված հասցեում գտնվող շենքի տանիքում կատարվող ապօրինի շինարարության վերաբերյալ դիմում բողոք է ստացել։ Չգիտես ինչու այդ պաշտոնյաները ոչ թե կազմում են վարչական արձանագրություն և տանիքը բերում նախնական տեսքի, այլ թաղապետը այդ մասին գրություն է ուղարկում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Թե աշխատակազմի քարտուղարը ի՞նչ լիազորություն պետք է իրացներ այս հարցում, լավ չեմ հասկանում։

Ինչևէ, անցնում են օրեր և հունվարի 11-ին այս ապօրինությանն է անդրադառնում Hraparak.am-ը։ Բոլորովին պատահաբար նույն օրը վերջապես կազմվում է վարչական իրախախտման վերաբերյալ արձանագրություն։

Դրանից հետո անցել է մեկ շաբաթից ավել և շենքը նախնական տեսքի չի բերվել, իսկ թաղապետը դեռ սպասում է․․․ հերիք չէ անգործություն է ցուցաբերում, մի բան էլ ավելացնում է, թե «բանավոր ձեռք է բերվել պայմանավորվածություն ինքնակամ կառույցը կառուցապատողի կողմից քանդելու վերաբերյալ»։

Եթե մանսարդը չապամոնտաժվի և նախնական տեսքը չվերականգնվի, ապա ֆեյսբուքյան այդ գրառումը կդառնա քրեական գործի հանգամանք, քանզի դո՛ւք, պարոն Պողոսյան, շատ լավ տեղյակ եք, որ բնակարանի սեփականատերը չորս էջանոց հայցադիմում է ուղարկել դատարան և սպասում է վարույթի ընդունմանը, որպեսզի քանդման հնարավորություն չլինի և հարցը համարեք փակված։

Եթե չգիտեք այս իրավիճակում ինչպես վարվել, հարցրեք ձեր տեղակալին։