Ամսական 50.000 դրամ պատգամավորների գրպանից՝ զինծառաողներին

74

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի ՀՀ ԱԺ պատգամավորները մոտ 80 միլիոն դրամ տարեկան իրենց տրամադրվող գումարից կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Նա մանրամասնել է հիմնավորումները.
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից
Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին
մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ:
Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների
հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն:
Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը
չափազանց ծանրացել է և՛ համավարակի և՛ պատերազմի հետևանքով: Ուստի
հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող
մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես
ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաև
կյանքի հետ անհամատեղելի: Հաշվի առնելով դա՝ անհրաժեշտ եմ համարում փնտրել
ու գտնել երկրում առկա բոլոր հնարավոր միջոցները հիշյալ մարդկանց նյութական
աջակցություն ցուցաբերելու համար: Այս լրացումը կարևորում եմ նաև բարոյական
տեսակետից և դիտարկում եմ որպես հնարավորություն երկրի թիվ մեկ կառավող
մարմնի՝ խորհրդարանի կողմից վերջին պատերազմում 1-ին կարգի
հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ ընդգծված վերաբերմունք
դրսևորելու և նրանց կողմից լիարժեք կենսակերպը հանուն երկրի պաշտպանության
զոհաբերելու սխրանքը գոնե ևս մեկ դրվագով կարևորելու առումով: Ազգային
ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված
փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք
յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են
պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների
գործունեության իրականացման համար, հաշվի առնելով, որ այն կազմում է
պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11 %-ը: Հաշվի առնելով պատգամավորների
թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն
կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար: Հաշվի եմ
առնում, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքով արդեն
նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված
զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ,
սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում, այն էլ ԱԺ
պատգամավորների կողմից առկա միջոցների պարագայում լրացուցիչ և անհրաժեշտ
աջակցություն ցուցաբերելու համար: