Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով. իրանագետ

125

Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաեւ Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագույն խաղաքարտ ստացավ առնվազն Ղազախստանին եւ Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հավասար լինել Մոսկվայի հետ դաշինքին եւ ապահովել «հաջողության պատմություն» նույնիսկ ռազմական բախման դեպքում։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրության գրեթե չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետություններ եւ ռազմական համագործակցությանը միտված պայմանագրերի կնքումը, որոնք, եթե իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։

Հայաստանում իրեն իշխանություն համարող ապազգային, ապաշնորհ եւ դավաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցավալի պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը եւ հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից»։