Թուրքիայում ծեծի են ենթարկել Դավութօղլուի կուսակցության փոխնախագահին

112

Երեկ Թուրքիայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Ահմեթ Դավութօղլուի «Ապագա»  կուսակցության փոխնախագահին: Լրագրող Օրհան Ուղուրօղլուին տված հարցազրույցում փոխնախագահ Սելչուկ Օզդաղը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-գորշ գայլեր):

Քննադատությունների թվում  հիշատակվել է «Մեծ կաշառքի հետաքննությունը» (2013), երբ Դևլեթ Բահչելին (ազգայնական կուսակցության առաջնորդը), նախքան Էրդողանի դաշնակիցը դառնալը, կոշտ քննադատել էր Էրդողանին և սկանդալում ներգրավված նրա նախարարներին: Բայց օրերս Բահչելին, խոսելով երկրում վերջին տարիներին տեղի ունեցած ներքին իրադարձությունների՝ Գեզի այգու բողոքի ցույցերի, Քոբանիի պատճառով քրդերի բողոքների, իշխանությունների և PKK-ի կողմնակիցների միջև Դիարբեքիրում բախումների, հեղաշրջման՝ 2016-ի փորձի մասին, չի նշել «Մեծ կաշառքը»: Այս մասին գրել է Ուղուրօղլուն՝ նշելով, որ Օզդաղն այցելել է թերթի գրասենյակ և իրենց ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա:

Ի դեպ, երեկ նաև ծեծի է ենթարկվել լրագրող Ուղուրօղլուն, և ինչպես նա է նշել, հարձակվողները պահանջում էին, որ ինքը չքննադատի MHP-ին, հակառակ դեպքում՝ «ստիպված կլինի դրա համար պատասխան տալ»:

YeniÇağ-ը թղթակիցը շատ չի տուժել, բայց Օզդաղի ձեռքն ու գլուխը կոտրվել և լուրջ վնասվել են, հիվանդանոցում 18 կար են դրել:

Վերջին ժամանակաշրջանում Դավութօղլուն ուժեղացրել է իր քննադատությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հասցեին: Մի քանի օր առաջ նա սուր քննադատության էր ենթարկել Բահչելիին: Նախ՝ ասել էր, որ 2013-ի կոռուպցիոն սկանդալի ժամանակ, որը կառավարությունը անվանում է «գյուլենականների կողմից կառավարությունը տապալելու փորձ», ազգայնականների առաջնորդը սատարում էր Գյուլենին: Հետո, ի դեպ, գրեթե բոլորը սատարում էին հետաքննությանը, նույնիսկ՝ Էրդողանի կուսակցության ներսում: Երկրորդ՝ Դավութօղլուն ակնարկել է, որ Բահչելին է որոշում  իշխանությունների քաղաքականությունը՝ ասելով, որ Էրդողանն այս կոալիցիայում միայն խոսնակն է:

Դեպքից հետո Դավութօղլուն ընդհատել է իր այցը Մարդին նահանգ ու վերադարձել Անկարա: Նա այցելել է Օզդաղին հիվանդանոցում և ասել, որ թույլ չի տա բռնապետություն Թուրքիայում:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ աջակցություն են հայտնել Օզդաղին: Արդարադատության նախարարը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Օզդաղին ծեծելու մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ: