Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը hraparak.am

153

Դե ինչ, Սուրեն Սահակյանի պաշտպանության փոխնախարար նշանակումով Հայաստանում կարելի է ասել, որ նշանակվեց հստակ ռուսամետ կողմնորոշում ունեցող պաշտոնյա, որը քաղաքականության մեջ եղել է դեռ 90-ականներին։ Նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում առաջին՝ 1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական ​​տեսչության պետն էր, (այդ տարիներին նրա տեղակալը ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն էր), ապա երկար տարիներ ՀՀ դեսպանը՝ Ռուսաստանում։

Կրթությամբ ֆիզիկոս Սուրեն Սահակյանին քաղաքականություն, ապա վաղ 90-ականներին իշխող էլիտա էր մտցրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ում հետ Սուրեն Սահակյանը լավ հարաբերություններ ուներ մինչև բոլորովին վերջերս։ Երկար տարիներ նա ճանաչում ու լավ հարաբերություններ ուներ նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ու ՀՀՇ-ի՝ ում օրոք Սահակյանը սկսեց իր կարիերան, սակայան պաշտոնավարեց նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ հենց նրա կողմից նշանակվելով ՌԴ-ում ՀՀ դեսպան։

ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը թողնելուց հետո Սուրեն Սահակյանը ապրում է Հայաստանում՝ Ծաղկաձորում, խուսափում է քաղաքականությունից ու ավելի շատ զբաղվում է իր հոբբիներով․ երբեմն մոտոցիկլետ է վարում, հող է մշակում։

Ներկայացնում ենք Սուրեն Սահակյանի կենսագրությունը.

Կրթություն՝ 1978 թ. ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Աշխատանքային գործունեություն՝ Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:

1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար 
1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական ​​տեսչության պետ
1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ
1995-1999թթ. ԱՊՀ միջպետական ​​տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն
2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն
2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն
2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ:

Պարգևներ՝ 2002թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: