ԲԴԽ-ն վերջապես կօժտվի արդարամիտ նոր դատավորով

256

Վաղը, երկուշաբթի, Ազգային ժողովում անշուշտ կհաստատվի Գագիկ Ջհանգիրյանի անդամությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում որպես դատավոր։ Դա, անկասկած, կլինի արդարադատության վերջնական հաղթանակը Հայաստանում, որն այսուհետեւ ամբողջովին ազատ կլինի կաշառակերության եւ նման վտանգներից։ Այդ ընտրությամբ մեր երկիրը վստահորեն կդառնա ավելի արդար եւ ավելի արդարադատ։

Փորձառու, ի՜նչ եմ ասում` բազմափորձ, փորձավաստակ ու վաստակափորձ իրավաբան ու պետական գործիչ է Ջհանգիրյանը, որի ընդգրկումը ԲԴԽ կազմում խոստանում է այժմ եւ միշտ եւ հավիտյան մեր երկիրը զերծ պահել իրավապահների, դատարանների ու դատավորների իրավախախտումներից։ Ջհանգիրյանի արծվենի հայացքի ներքո ամեն ինչ կվերահսկվի մեր երկրում այսուհետեւ։

Չարամիտ ու նախատրամադրված էին բոլոր այն լրագրողները, որոնք ուրբաթ օրը շուրջկալ էին արել Ջհանգիրյանին. էլ Մատաղիսի գործ, էլ կոռուպցիայի դեմ պայքարի մեծ ու մանր գործեր, էլ Մարտի 1, էլ, էլ, էլ… Ծախված լրագրողներ` բոլորն էլ, փողով գնված զզվելի արարածներ, որ հարցակոխ էին անում մեր փառապանծ դատախազ-դատավորին։

Այդ լրագրողները, այդ աղջկերքը, ոչինչ չգիտեն Անկախ Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում դատա-իրավական ասպարեզում արձանագրված սխրագործությունների մասին, ոչինչ չգիտեն այդ ասպարեզում իսկական ազատամարտիկի մասին։ Նրանք չգիտեն, օրինակ, այն սխրալի գործողության մասին, որը տեղի է ունեցել 1996 թ.ի ապրիլ ամսին, նույնինքն Ջհանգիրյանի իրավական անգնահատելի ղեկավարության ներքո։ Այդ օրերին ՀՀ արդարադատության փոխնախարար Ջհանգիրյանը փորձ արեց լռեցնելու իշխանությունների ընդդիմախոս «Ազգ» օրաթերթը` ընդառաջելով ոմն Մայք Խարապյանի պատվերին, անշուշտ` ոչ նյութական, օ՜, ո՛չ, այլ` գաղափարական։

Ըստ այդ պատվերի, «Ազգ»ը, որն ուներ հիմնադիր հինգ անդամներ, պետք էր խլել Հակոբ Ավետիքյանի եւ Ռուբեն Միրզախանյանի նման հետադեմ եւ հակապետականամետ ընդդիմադիրների ձեռքից եւ հանձնել մնացյալ երեք պետականամետ անդամներին` ներկայացնելով վերջինների ստորագրած դիմումը։ Ջհանգիրյանը սիրով էր ստանձնել այդ պատասխանատու գործը, նորից եմ վստահեցնում` բոլորովին անշահախնդիր կերպով։ Նրա ջանքերով «Ազգ»ը երկու շաբաթ զրկվեց լույս տեսնելու իրավունքից եւ փոխարենը սկսեց լույս տեսնել մի ուրիշ «Ազգ», որը ընթերցողների կողմից իսկույն բնորոշվեց որպես «կոոպերատիվ»։

Օրեր շարունակ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ այլ երկրների դեսպանությունները հորդորում էին դատի տալ ՀՀ արդարադատության նախարարությանը, քանզի թերթի փակման գործում նոր հանգամանք էր առաջացել` հիմնադիր- սեփականատերերից մեկը` ԱՄՆ քաղաքացի Միհրան Մինասյանը (որը իբր երեք ստորագրողներից մեկն էր), անակնկալ ժամանել էր Երեւան եւ իր երկրի դեսպանին հայտարարել, որ կեղծվել է իր ստորագրությունը։ Միաժամանակ նախարարությանը դատի տալու հորդորներին էր միացել ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Ի վերջո, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում, որի ընթացքում դատարանի դահլիճից «ամոթուց» փախուստ էր տվել Գագիկ Ջհանգիրյանի ուղարկած փաստաբանը, եւ դատարանը վերահաստատել էր արդարությունը ու «Ազգ»ը վերադարձրել իր երեք հիմնադիրներին եւ հավատարիմ ընթերցողներին։ Փաստորեն Հայաստանում առաջին անգամ մասնավորը դատական կարգով հաղթել էր պետականին։ Այս պարագայում` արդարադատության նախարարությանը` հույս ներշնչելով, որ արդարությունը մեր երկրում կարող է միշտ հաղթել։

Վստահ ենք, որ վաղը Ազգային ժողովում արդարությունն ու արդարադատությունը հանձին Գ. Ջհանգիրյանի կրկին կհաղթեն։

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ