Ադրբեջանում ստեղծվել և ակտիվ գործում է հայալեզու լսարանի համար աշխատող նոր խումբ. Նաիրի Հոխիկյան

210

Նաիրի Հոխիկյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանում ստեղծվել և ակտիվ գործում է հայալեզու լսարանի համար աշխատող նոր խումբ, որը սոցիալական ցանցերում, հատկապես Facebook-ում հայ օգտատերերի կեղծ պրոֆիլների անունից․ – տարածում է ատելություն ազգակիցների նկատմամբ, յուղ է լցնում Հայաստանի ներքաղաքական լարվածության կրակին, – դիտավորյալ հայհոյանքով և վիրավորանքով լարվածություն է ստեղծում քննարկումների ժամանակ, – ներկայացնում է 2020թ․ արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի չափազանցված, մինչև 20․000-ի հասնող թիվ, – խուճապային տեղեկություններ է տարածում, թե իբրև ադրբեջանցիները ռուսների հետ գաղտնի պայմանավորվածություններ ունեն ընդդեմ հայերի, և այլն։

Հիմա ավարտին եմ հասցնում ադրբեջանական քարոզչական մեքենայի գործունեության այս փուլի ուսումնասիրությունը։ Մինչ անուններով և փաստերով հրապարակումը, տեղեկատվական անվտանգության նկատառումներից ելնելով, հայկական հանրությանը առաջարկում եմ մերժել և անմիջապես արգելափակել այն պրոֆիլները, որոնք․ – չունեն գլխավոր նկար և առնվազն 2-3 տարբեր տեղերում ագրեսիվ բառապաշարով են մեկնաբանություն անում, – գրառումների տակ վիրավորանք արտահայտող բառեր են գրում՝ ակնհայտորեն փորձելով լարվածություն ստեղծել, – անհանդուրժողական վերաբերմունք են ցույց տալիս ներքաղաքական այլակարծության նկատմամբ՝ անկախ նրանից, թե ում են անձնապես վիրավորում՝ ՀՀ իշխանության պաշտպաններին թե ընդդիմադիրներին, – հետևողականորեն տարածում են պարտվողական և անկումային տրամադրություններ։

Թշնամու ծրագրերը ձախողելու համար նախ հայկական հանրությունը պետք է իր մեջ ուժ գտնի միավորվելու մեկ՝ ազգային գաղափարի շուրջ, այդ դեպքում ներքաղաքական խնդիրները հաղթահարելը ավելի հեշտ կլինի։