Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

71

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։

Ճաշարաններից մեկի տերը, որոշել է յուրահատուկ երևալու համար եկեղեցու տարածքում կրակ վառել և քաբաբ ուտելու խնջույք կազմակերպել։

Տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև տվյալ թաղամասի բնակիչները։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև հաճախակի եկեղեցու տարածքում հայտնվող և «հայերի ոսկիները» գտնելու նպատակով պատմական կոթողը ավելի վատթար վիճակի հասցնող գանձագողերի առկայությունից։ Բնակիչներից մեկը նշել է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ եկեղեցու վերանորոգմամբ։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն առանց նշելու, որ եկեղեցին հայկական է։

Ermenihaber.am