Ջո Բայդենը չի պատասխանել հեռախոսազրույց ունենալու Էրդողանի խնդրանքին

83

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մինչ այժմ չի պատասխանել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի խնդրանքին: Երեք աղբյուրներ Middle East Eye-ին հայտնել են, որ Էրդողանի վարչակազմը դեկտեմբերին հեռախոսազրույց է խնդրել Բայդենի հետ, բայց մի քանի շաբաթ հետո այն դեռ չի կայացել:

Լսափողը չվերցնելու Բայդենի որոշումը զարմանալի չէ, հաշվի առնելով անցյալ տարի New York Times-ում նրա մեկնաբանությունը, որում ասել էր, թե Վաշինգտոնը պետք է այլ կերպ մոտենա Էրդողանին եւ սատարի թուրքական ընդդիմությանը: Էրդողանը նույնպես չէր շտապում շնորհավորել Բայդենին նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հաղթելու կապակցությամբ, քանի որ Անկարան հիշում էր Թրամփի վարչակազմի հետ իր ջերմ հարաբերությունների մասին:

Թուրքիայի նախագահը համաշխարհային վերջին առաջնորդներից էր, ով դա արեց նոյեմբերին ուղարկված հաղորդագրության մեջ:

Երկու նախագահների վարչակազմերի ներկայացուցիչներն էլ չեն մեկնաբանել այս հարցը:

Թուրք պաշտոնյաները հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են կառուցողական հարաբերություններ հաստատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Էրդողանի գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարը կիրակի օրը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Բայդենի անցումային թիմի հետ Անկարայի շփումները մինչ այժմ «շատ դրական» են եղել: «Նրանք ասում են, որ ցանկանում են լավ հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ եւ նոր էջ բացել»,- հավելել է Կալինը:

Սակայն Էրդողանի հետ խոսել չցանկանալը հուշում է, որ Բայդենը Թուրքիայի կառավարության հետ նոր էջը շուտ չի բացի:

News.am