Մի Փունջ՝ Արտաշես Փալանդուզյանի «Անքեն Սիրտ» Ժողովածուից

146

Հրաչուհի Փալանդուզյանի ՖԲ էջից, –

Հայրիկիս տարեդարձի օրը միշտ մի ուրախ պատմություն էի հրապարակում, մի զավեշտալի դեպք հիշում նրա բյուրածալ հետաքրքրությունների աշխարհից: Այսօր շուրջն այլ տրամադրություն է իշխում, ու ես մտածում եմ, թե լավ է, որ նա այս դժնդակ օրերը չապրեց; Իհարկե՝ տարեդարձը տարեդարձ է, և լույսերի մեջ թևածող նրա հոգին միշտ ու հատկապես այսօր մեզ հետ է, մենք նրա մարգարեական տողերի հետ ենք:

Մի Փունջ՝ Արտաշես Փալանդուզյանի  «Անքեն Սիրտ» Ժողովածուից

Այգաբացի ցողերի հետ,

Շողերի հետ առավոտվա,

Բացվող օրվա քայլերի հետ,

Նա պիտի գա, նա պիտի գա:

Զուր մի փորձեք ինձ համոզել,

Թե պատրանք է, կյանքում չկա.

Կգա բարին, կժպտա մեզ,

Արփու ծագող լույսը վկա,

Լույս կփռվի, հույս կփռվի

Մեր հոգու մեջ, ճամփի վրա:

Դեռ նա կգա, դեռ նա կգա…

Հո չի՞ կարող մարդը հավերժ

Ձեռքերն արնոտ գազան մնալ:

Առավոտվա ցողերի հետ,

Շողերի հետ առավոտվա,

Ծաղկի պես նուրբ,

Աստծո պես սուրբ՝

Նա պիտի գա,

Նա պիտի գա:

1990թ.

***

Անբարո աշխարհ,

Մարդասիրական

Ճառերդ ո՞ւր են:

Երբ պետք է այնքան՝

Շուրթերդ լուռ են,

Աչքդ փակում ես,

Երբ պետք է բացել,

Դու խնդմնդում ես,

Երբ պետք է լացել:

Դու կոչ ես անում

Մարդասիրության

Եվ ճառեր ասում

Գթասրտության

Ու լռում, երբ որ

Մարդ են սպանում,

Երբ որբի հագից

Շորերն են հանում,

Հոգին տրորում:

1988թ.

***

Մեր լեզուն անցած մեր պատմությունն է,

Կռվում նախորոշ մեր հաղթությունն է,

Մորս շունչն է, քնքշությունն է,

Հորս աջ ձեռքի արարչությունն է,

Հայեցի կյանքի հավերժությունն է,

Ապրողի օդն է, կենսատու հյութը,

Անցավորների նոր հարությունն է:

Լեզուն մեր խոսքը, երաժշտությունն է,

Հացն է ու ջուրը, օջախն ու տունն է,

Մեր երազների երփներանգ գույնն է,

Մեր տքնանքն արդար ու անուշ քունն է,

Իրենով կնքված մեր գոյությունն է,

Ամենից առաջ ու ամենից շատ՝

Մեր տունը պահող քարակերտ սյունն է:

1988թ.

***

Աշուն էր, գիշեր,

Աշուն էր տամուկ,

Անձրև էր մաղում,

Անթափանց ու խիտ,

Մութի մեջ լուծվում

Ու մարում էին

Լամպերը վտիտ:

Երամից պոկված

Մի մոլոր կռունկ

Մեր գյուղի վրա

Թևում էր անհույս:

Վայում էր խեղճը,

Բախվում սյուներին

Ու տանիքներին

Մինչև արշալույս:

Ինչպե՛ս մոլոր էր

Ու անօգնական՝

Այդ խեղճ կռունկը՝

Երամը կորցրած:

Ինձ թվաց մի պահ,

Թե իմ հոգին է

Այդպես տառապում՝

Կռունկի փոխված:

1984թ.

***

Սիրտ իմ, այդքան դու խոցվեցիր,

Բայց ինչպե՞ս ես դեռ դիմանում,

Դու նենգորեն շատ խաբվեցիր,

Բայց ինչպե՞ս ես դեռ հավատում:

Դեռ ինչպե՞ս է գինին այդպես

Փրփուր հագնում քո գավաթում,

Ինչպե՞ս ես այն բարձրացնում վեր

Ու բոլորին բարի մաղթում:

Իմ անքեն սիրտ, ո՞ր հրաշքի

Ջրերով ես դու քեզ մաքրում:

1984թ.

***

Ջահելները գնացին,

Լոկ ծերերն են մնացել,

Գերեզմանի փոսերի

Նոր տերերն են մնացել:

Հաստոցները լռեցին,

Թանաքները չորացան,

Բույս ու կանաչ թոշնեցին,

Չոր փրերն են մնացել:

Չի ստեղծվում էլ ոչինչ

Ու լռել են երգ ու վեպ,

Որպես կենաց ապացույց՝

Հին գրերն են մնացել:

1996թ. մարտ

(վերջին գրվածքը)