Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր

112

Razm.

.info-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։ Այս թեմայով մեր առաջին հոդվածը Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների հնարավոր կիրառման մասին է:


2020թ. հուլիսի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց Ադրբեջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հետ համատեղ զորավարժության անցկացման մասին: Հուլիսի վերջին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների խումբը: Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով «մայր» Ադրբեջան և Նախիջևան էին բերվել նաև թուրքական հարվածային «Աթաք» և բազմաֆունկցիոնալ UH-60 ուղղաթիռներ: Ռազմաօդային ուժերի վարժանքներին զուգահեռ անկացվում էր նաև ցամաքային ուժերի առանձին զորավարժություն:

Բուն զորավարժությունը սպասելի իրադարձություն էր, քանի որ համատեղ զորավարժություններ Թուրքիան և Ադրբեջանը անցկացնում են պարբերաբար, իսկ ՌՕՈւ զորավարժություններ՝ 2014-ից սկսած, ընդ որում՝ հենց օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: ՌՕՈւ վերջին զորավարժությունը սակայն, թե´ այն ժամանակ, և թե´ հիմա, հետահայաց դիտարկելով, տարբերվում էր նախորդներից և ուներ որոշակի առանձնահատկություններ:

2020թ. զորավարժությունը նախորդներից տարբերվում էր տեղի ընտրությամբ և ներգրավված ստորաբաժանման առանձնահատկությամբ:

Թուրքական 5 միավոր F-16-երը Ադրբեջանում տեղակայվում են Գյանջայի միջազգային օդանավակայանում: Այդ օդանավակայանը թեև խորհրդային տարիներին ուներ երկակի նշանակություն, սակայն 2006 թվականին վերակառուցվել էր, դարձել միջազգային օդանավակայան և օգտագործվում էր միայն քաղաքացիական նպատակներով: Նախկինում այս օդանավակայանը չէր ներգրավվում զորավարժություններին, թուրքական ինքնաթիռները տեղակայվում էին սովորաբար Եվլախի օդանավակայանում, որը երկակի նշանակության է, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկն է:

Ինչ վերաբերում է «մայր» Ադրբեջան ժամանած թուրքական «Աթաք» և UH-60 ուղղաթիռներին, ապա դրանք տեղակայվել էին Ադրբեջանի խորը թիկունքում՝ «Նասոսնայա» ավիաբազայում, որը Ադրբեջանի ՌՕՈւ կործանիչ ավիացիայի (ՄիԳ-29) տեղակայման վայրն է: Ուղղաթիռների այստեղ տեղակայվելը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ զուգահեռ ընթանում էին ցամաքային զորքերի վարժանքներ, իսկ ուղղաթիռները ներգրավված էին վարժանքներում ցամաքային ստորաբաժանումների աջակցմանը: Ցամաքային այդ վարժանքներն ընթանում էին Բաքվից հյուսիս-արևմուտք ընկած զորավարժարանում, իսկ «Նասոսնայա» ավիաբազան այդ տեղին ամենամոտն է: Պատերազմի ընթացքում թուրքական ուղղաթիռների մասնակցություն մենք չենք արձանագրել։ Ավելին՝ այս պահին տվյալներ չկան նաև, թե արդյո՞ք այդ ուղղաթիռները դեռ Ադրբեջանում են, թե ոչ։

Առանձին ուշադրության է արժանի F-16-երի կազմը: Թեև առաջին անգամը չէր, որ Ադրբեջան էին ժամանում թուրքական F-16 կործանիչները, սակայն զորավարժությանը մասնակցելու պատրվակով ժամանած այս խումբը առանձնանում էր նրանով, որ դրա կազմում կային Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ և 152-րդ էսկադրիլաներին պատկանող ինքնաթիռներ: F-16-երը թեև բազմաֆունկցիոնալ կործանիչներ են և կարող են կատարել տարբեր առաջադրանքներ, սակայն ինքնաթիռների մեծ պարկ ունեցող երկրներում, այդ թվում և Թուրքիայում, էսկադրիլաներն ունենում են որոշակի «մասնագիտացում»: Այս կերպ՝ Ադրբեջան ժամանած 151-րդ, 152-րդ էսկադրիլաների ինքնաթիռները մասնագիտացած են հակառակորդի ՀՕՊ-ը ճնշելու գործում:

Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ էսկադրիլայի 91–0022 և 89–0043 կողային համարներերով F-16 կործանիչները Գյանջայի օդանավակայանում. 2020թ. հուլիս:

Ինքնաթիռների հետ միասին Ադրբեջան էր եկել նաև Մարզվանի ավիաբազայից (151-րդ էսկադրիլան հենց այս բազայի կազմում է) գնդապետ Գյոքհան Գյուրաքարը, ով հիշատակվում է որպես «օպերատիվ գծով հրամանատար» (թուրք․՝ Harekât Komutanı): Ի պաշտոնե հենց օպերատիվ գծով պաշտոնյան է պատասխանատու գործողությունների մշակման և անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպման համար: 

Բացի վերոնշյալից, խմբում կար նաև Թուրքիայի ՌՕՈւ 162-րդ էսկադրիլայից առնվազն մեկ կործանիչ: Այս էսկադրիլան բազմաֆունկցիոնալ է, իսկ 2017-ին եղել էր Ադրբեջանում՝ համատեղ զորավարժությունների շրջանակներում: ՌՕՈւ համատեղ վարժանքների մեկնարկի հայտարարված օրը հուլիսի 29-ն էր, իսկ ավարտի օրը՝ օգոստոսի 10-ը: Վարժանքների մեկնարկով թուրքական F-16-երը սկսում են թռիչքներ Ադրբեջանի տարածքում, սակայն վարժանքների ավարտի հայտարարված օրից հետո դրանք Ադրբեջանից չեն հեռանում և շարունակում են մնալ Գյանջայի օդանավակայանում և թռիչքներ անել, սեպտեմբերի 15-ին նաև ցուցադրական թռիչք են անում Գանձակի երկնքում: 

Սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից հետո էլ Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները շարունակում են տեղակայված մնալ Գյանջայի օդանավակայանում առնվազն մինչև հոկտեմբերի 4-ը, երբ հայկական կողմը հրթիռային հարվածներ հասցրեց Գյանջայի ուղղությամբ: Նշենք նաև, որ թեև Արցախի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ օդանավակայանը «հօդս է ցնդել», բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարիների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել։

F-16 կործանիչները Գյանջայի օդանավակայանում. հոկտեմբերի 3. Լուսանկարը NYT թղթակից Christian Tribert-ից:

Հատկանշական է, որ պատերազմի օրերին օդային անվտանգությունը լրացուցիչ ապահովելու համար Ադրբեջանը Գյանջայի օդանավակայանի հարևանությամբ տեղակայել և բացազատել էր Բուկ ԶՀՀ-ի մեկական արձակման և տրանսպորտալիցքավորող մեքենա: Ընդ որում՝ Բուկ ԶՀՀ-ն տեղակայվել էր Ս-125 ԶՀՀ-ի համար նախատեսված դիրքում: 

Բուկ ԶՀՀ Գյանջայի օդանավակայանի հարևանությամբ. հոկտեմբերի 16.

Այնուամենայնիվ՝ հրթիռային հարվածներից հետո ինքնաթիռները տեղափոխվում են ավելի խորը թիկունքում գտնվող Ղաբալայի օդանավակայան: Այս օդանավակայանը ևս քաղաքացիական նշանակության է, Արցախի սահմաններից հեռավորությունը շուրջ 100կմ է: Ղաբալայի օդանավակայանում տեղակայման մասին է վկայում հոկտեմբերի կեսերին արված արբանյակային լուսանկարը, որտեղ օդանավակայանի տարածքի մի մասում երևում է կայանված 4 կործանիչ:

Ղաբալայի օդանավակայան, հոկտեմբերի կեսեր. Լուսանկարը՝ Լեոնիդ Ներսիսյանից

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարում է Ղաբալայի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին: Թերևս այս հայտարարությունից հետո Գյանջայի օդանավակայանից Ղաբալա տեղափոխված թուրքական F-16-երը կրկին տեղափոխվում են, այս անգամ՝ ավելի թիկունք, հայկական հրթռիների «աչքից հեռու», Ադրբեջանի հարավ՝ կրկին քաղաքացիական նշանակության Լենքորանի օդանավակայան, որտեղ տեղակայված են մնում մինչ պատերազմի ավարտ: 

Թուրքիայի ՌՕՈւ F-16-երի՝ Ադրբեջանում «տեղակայման պատմությունը» թերևս ամբողջացնում է պատերազմի ավարտից հետո ավիացիոն տարբերանշանների և աքսեսուարների վաճառքով զբաղվող թուրքական մի կայքում հայտնված 151-րդ էսկադրիլայի՝ Արցախյան պատերազմի թեմայով  տարբերանշանը: 

Թուրքիայի ՌՕՈւ 151-րդ էսկադրիլայի՝ Արցախյան պատերազմի թեմայով տարբերանշանը: 

Տարբերանշանում քարտեզի վրա պատկերված են կետեր, որոնք համապատասխանում են պատերազմի ընթացքում թուրքական ինքնաթիռների տեղակայման վայրերին՝ Գանձակ, Ղաբալա, Լենքորան: Ընդ որում՝ հենց այս լուսանկարի հետևի ֆոնին Լենքորանի օդանավակայանն է: 

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջան էր ուղարկվել Թուրքիայի ՌՕՈւ էսկադրիլաներից F-16-երի համահավաք խումբ, ընդ որում՝ դրանց թվում կային ՀՕՊ ճնշման գործում մասնագիտացած միավորներ։ Մյուս կողմից պատերազմի մեկնարկին Ադրբեջանի հասցրած հարվածների մարտավարությունը, որն ուղղված էր առաջին հերթին հայկական ՀՕՊ ճնշմանը հիմք է տալիս կատարել հետևյալ եզրակացությունները․

1․ Մեծ է հավանականությունը, որ պատերազմից առաջ և դրա ընթացքում թուրքական ինքնաթիռներն իրենց թռիչքների ժամանակ զբաղվել են հայկական ՀՕՊ-ի տեղաբաշխման, կազմի, կառուցվածքի, մարտավարության ու «թույլ տեղերի» բացահայտմամբ։

2․ Չի կարելի բացառել, որ այդ ինքնաթիռները պատերազմի ընթացքում մասնակցել են նաև հայկական ՀՕՊ ճնշման գործողություններին։

3․ Եվ վերջապես, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում թուրքական F-16-երի խնդիրներից էր նաև ՀՀ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր միջամտությունից Ադրբեջանին ապահովագրելը:

Razm.info