ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆ

22

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդավոր, սրբազան արարողություն է, որն ավանդաբար կատարվում է 5-7 տարին մեկ: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խնկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկված նրբահյուս շղարշով: Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն` իբրև նախապատրաստություն առաջիկա Մյուռոնօրհնության:
     Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով այն օրհնում է մեր եկեղեցու ավանդական  սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով, Կենաց Խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գր. Լուսավորչի Աջով:
     Հայոց Եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորին երևացած տեսիլքով Հայոց առաջին Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած Սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր Մյուռոն է օրհնում, Լուսավորչավանդ հին Մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը փոխանցվի նոր Մյուռոնին:
     Մեր եկեղեցում Մյուռոնով է կատարվում Ս. Դրոշմի խորհուրդը, քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. խորանը և խորանի նկարը՝ Տիրամայրը Հիսուս մանկան հետ, եկեղեցու սյուները և պատերը:
     Ամեն տարի` հունվարի 6-ին, Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուս վրա Ս. Հոգու էջքի:
     Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում և այժմ էլ այս խորհրդով և հոգևոր բարձր գիտակցությամբ է առաջնորդվել և ապրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մշտաբաշխ օրհնության ներքո: Ս. Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: