Պորտասարում պեղումներն այս տարի ևս կշարունակվեն․ «Պատրաստ լինենք նոր գյոբեքլիթեփեների հայտնաբերմանը»,-նշել է թուրք նախարարը

112

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թուրքական պետությունը մտադիր է ընդլայնել ուսումնասիրությունները Ուրֆայում (Եդեսիա) գտնվող Պորտասարում։ Ըստ նախարարի՝ 2021 թ հենց այստեղ են կատավելու ամենատպավորիչ հնագիտական պեղումները։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը նաև նշել է, որ իրենք աշխատանքներ են իրականացնում այս երկրի բոլոր նահանգներում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ։

Մեհմեդ Նուրի Էրսոյն ընդգծել է, որ 2018 թ․ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Պորտասարում (թուրք․ անվանումը՝ Գյոբեքլիթեփե) շարունակվող ուսումնասիրությունները մեծ արձագանք են ստանալու համայն աշխարհում՝ հավելելով․ «Ուսումնասիրությունների ավարտից հետո Ուրֆայում ևս մի քանի պեղում ենք իրականացնելու։ Ուրֆան մեզ համար նույնքան արժեքավոր է, որքան՝ եգիպտական բուրգերը (մարդկության համար)։ Արդեն իսկ հենց այստեղ են կատարվելու 2021 թ․ ամենատպավորիչ պեղումները։ Կարծում եմ, որ այս նախագիծն արժանանալու է միջազգային հանրության մեծ ուշադրությանը։ Պատրաստ լինենք նոր գյոբեքլիթեփեների հայտնաբերմանը»։

Նշենք, որ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Պորտասարի հնավայրը շուրջ 12 հազարամյա պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել են 12 հազար տարի առաջ կառուցված մի սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարների խումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում: Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր:

Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է: Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին:

Պորտասարի պեղումներին մասնակից հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով:

Պորտասարի սրբավայրի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն թեզը, թե քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն:

Հիշեցնենք, որ 2018 թ․ դեկտեմբերի 25-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակել էր Պորտասարի տարի։

https://t24.com.tr/video/bakan-ersoy-yeni-gobeklitepe-lere-hazir-olalim,35403

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net