Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.
«2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը:
Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:
Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան է մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.
1 .Մնացե՛ք տանը
2.Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
3.Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը