ԱՀԿ. Համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը

29

COVID-19 նոր կորոնավիրուսի հիվանդությամբ պայմանավորված համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել մարդկության համար, քան առաջինը: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք թեւակոխում ենք [համավարակի] երկրորդ տարին, եւ դա կարող է էլ ավելի դժվար լինել, հաշվի առնելով [կորոնավիրուսի] տարածման դինամիկան»,- ասել է նա:

Ռայանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՀԿ-ի կողմից վերջին երկու շաբաթվա ընթացքում ստացված տեղեկատվությունը ենթադրում է, որ դեպքերը կրկին աճել են: Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակի շուրջ հինգ միլիոն նոր դեպք եւ ավելի քան 85 000 մահ: Ընդ որում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներին յոթ օրվա ընթացքում բաժին է ընկնում դեպքերի կեսից ավելին, իսկ Եվրոպայի տարածաշրջանում՝ մեկ երրորդից ավելին: Հիվանդացության աճ է արձանագրվել նաեւ Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում:

Հյուսիսային կիսագնդում դիտարկվում է համավարակային «կատարյալ փոթորիկ»», – ընդգծել է Ռայանը՝ նշելով մի շարք գործոններ, որոնք հանգեցրել են փոխանցման ավելացմանը շատ երկրներում: Սա, մասնավորապես, ցուրտ սեզոնին ներսում մարդկանց կուտակումն է: Բացի այդ, որոշ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, շրջանառվում են կորոնավիրուսի նոր շտամներ, որոնք, անշուշտ, նպաստում են վարակի փոխանցմանը: Այսպիսով, այժմ գործում են վիրուսի տարածման նույն «շարժիչները», ինչպես նախորդ տարի, բայց դրանց ավելացել են նորերը, հայտարարել է ԱՀԿ տնօրենը:

Իր հերթին ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեն հայտարարել է, որ տոներից հետո որոշ երկրներում իրավիճակը կվատթարանա՝ նախքան լավանալը: «Սակայն լավ նորությունն այն է, որ մենք այժմ ունենք շատ գործիքներ, որոնք կարող են օգնել վերահսկողություն հաստատել [վիրուսի] փոխանցման վրա»,- եզրափակել է նա:

News am