Ինչ էժան են բառերը հնչում…

99

Քայլում ենք, շնչում ենք,
Ապրում ենք…
Եթե սա ապրել է կոչվում…
Բարի լույս,
Օր բարի կամ գիշեր.
Ինչ դատարկ են բառերը հնչում:

Խոսում ենք թանկից, էժանից,
Վերջում էլ հանգում նույն կետին.
Թշնամին լավ զինված էր, պատրաստ,
Բայց հայը տապալեց մեզ գետնին:

Մի քիչ էլ զենքերից ենք խոսում.
Չունեինք… ողջը սուտ էր ու սին,
Նզովում ենք թուրքին արնախում,
Ու սահուն անցնում ենք ռուսին…

Զայրույթով հիշում ենք հներին.
Գռփեցին, լափեցին, կերան,
Նորերը… սրանք էլ մի բան չեն`
Ստախոս, ապաշնորհ, դավաճան…

Հետո թաց, արցունքոտ աչքերով.
Մրմնջում ենք կամաց, կեսբերան.
Թող կորչեն ամենքն ու բոլորը.
Լույսի պես տղերքը չկան…

Չեկան, մնացին դաշտերում,
Մնացին ժպիտը շուրթերին,
Համոզված` հաղթել են, հաղթում են,
Փրկում են հողն ու հայրենին…

Հավատով կանգնեցին աներեր,
Հավերժ մնացին այն դիրքում,
Որին այսօր թուրքն է տիրում.
Ու չկա մեզ այլևս ներում…

Անցյալն, ավաղ, ցավոտ է ու շատ,
Իսկ ներկան` անհույս, անորոշ.
Ինչ-որ տեղ դեռ առաջ են գալիս,
Ինչ-որ տեղ ցցել են դրոշ:

Ապրում ենք այսպես, սրանով.
Եթե սա ապրել է կոչվում…
Նրանք կան…
Մեր սրտում են…
Հավերժ…
Ինչ էժան են բառերը հնչում:

Ռուզաննա Բոշյան
13.01.2021