Արցախը նախկինում բավարարում էր Հայաստանի թռչնաբուծական կերերի պահանջարկի 25%-ը, իսկ այժմ դրանց կարիքն ինքը ունի

97

Թռչնամսի եւ ձվի արտադրության ցուցանիշները 2019-ի համեմատ աննշան նվազել են` կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ սահմանները փակ են, եւ դժվարություններ են ծագել կենդանի թռչունների ներմուծման, գլխաքանակի ժամանակին համալրման եւ դրա վերարտադրության հետ կապված:

«Սովորաբար ձվադրող հավերի գլխաքանակը տարին երկու անգամ թարմացվում է: Լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ կերերի հետ կապված, որոնց գները Ռուսաստանում աճել են միջինը 35%-ով: Այս տարվանից թանկացել են նաեւ էներգակիրները, Ռուսաստանում մաքսային ձեւակերպման տուրքերը: Սրանք լուրջ մարտահրավերներ են: Նախկինում մենք Արցախից արտահանում էինք 100 000 տոննա կեր, ինչը կազմում էր ընդհանուր պահանջարկի 25%-ը: Այժմ այդ ռեսուրսները չկան: Ավելին, այսօր թռչնաբույծներին կեր ապահովելու խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլ հենց Արցախում: Տարվա ընթացքում մենք միասին օգտագործում ենք շուրջ 400 000 տոննա կեր: Չբավարարող մասը (300 000 տոննա) ներմուծում ենք Ռուսաստանի հարավային շրջաններից (Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մարզերից): Բարեբախտաբար, պատերազմի ավարտից անմիջապես հետո մեզ հաջողվեց ձմռան համար պահուստներ կուտակել»,- հավելեց փորձագետը:

News.am