Հռոմի պապ Ֆրանցիսկոսը օրինականացրել է ժամերգության մեջ կանանց մի շարք գործառույթներ իրականացնելու իրավունքը

138

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնապես օրինականացրել է ժամերգության մեջ կանանց մի շարք գործառույթներ իրականացնելու իրավունքը, մասնավորապես՝ ասմունքողներինը եւ ակոլիտներինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պապը հունվարի 10-ին ստորագրել է առաքելական նամակ` motu proprio (հատուկ վերագրում) Spiritus Domini (Տիրոջ ոգին) ձեւաչափով, որի տեքստը տարածվել է երկուշաբթի օրը` Սուրբ Աթոռի տպագրական ծառայության կողմից: Այս փաստաթուղթը փոխում է Կանոնական իրավունքի օրենսդրության 230-րդ կանոնի առաջին պարբերության ձեւակերպումը: Այս դրույթն այսուհետ հնչում է հետեւյալ կերպ. «Աշխարհիկ կանայք, որոնք հասել են այն տարիքին եւ ունեն այնպիսի շնորհներ, որոնք որոշվում են Եպիսկոպոսական համաժողովի դեկրետով, նշված ծեսի ավարտից հետո կարող են նշանակվել ասմունքողի կամ ակոլիտի մշտական ծառայության»։ Մինչ այժմ այս գործառույթները թույլատրվում էր միայն «աշխարհիկ տղամարդկանց»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի որոշումը ըստ էության նորարարություն չէ: Նախկինում Հռոմեական կաթոլիկ եկեղեցում գոյություն ուներ ծառայության մեջ, այսպես կոչված, մինիստրանտների (նշանակված ծառայողներ), այսինքն՝ շարքային աշխարհիկ մարդկանց ներգրավում, ովքեր պատարագի ընթացքում քահանային էին ծառայում: Այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Պողոս VI-ը 1972թ. որոշեց ակոլիտների դիրքը, շատ կաթոլիկ համայնքներում եպիսկոպոսի թույլտվությամբ կանայք սկսեցին պատարագի ընթացքում մոմեր վառել եւ կրել, հաց եւ գինի պատրաստել էվխարիստական օծման համար եւ Աստվածաշունչ կարդալ: Այժմ, այս իրավիճակը պաշտոնական հաստատում է ստացել կանոնական իրավունքի նորմերի օրենսգրքում: Միեւնույն ժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատնանշել է, որ աշխարհիկ ծառայությունների կատարումը ոչ մի ընդհանուր բան չունի կանանց ձեռնադրման հետ:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կյանքում կանանց դերի հարցը շատ ակտիվ քննարկվել է վերջին եպիսկոպոսական սինոդներում, մասնավորապես՝ Ամազոնիայի խնդիրների սինոդում, որը տեղի է ունեցել Վատիկանում՝ 2019 թվականի հոկտեմբերին: Հատկանշական է, որ այս ֆորումից կարճ ժամանակ անց Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է ստեղծել նոր հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի կանանց սարկավագության հարցը:

Պապը բազմիցս ընդգծել է կանանց դերի կարեւորությունը ժամանակակից եկեղեցու կյանքում եւ նրանց նշանակել է շատ կարեւոր պաշտոնների Վատիկանի մի շարք գերատեսչություններում: Մասնավորապես, անցյալ տարվա օգոստոսին նա արմատապես թարմացրեց Տնտեսական խորհրդի կազմը եւ վեց աշխարհիկ կնոջ դարձրեց Վատիկանի այս ամենակարեւոր վերահսկիչ մարմնի անդամ:

News.am