«Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է». Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոս

244

Պատմություն վանքը չլքած կաթողիկոսի և խաչի տեղ զենք բռնած հոգևորականների մասին

1918 թվականին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երև երկաթգիծը, հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին նա առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։

Գևորգ 5-րդ Սուրենյանցը ժողովրդին դիմում է կոչով.

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:

Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:

Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե իչպես է 1918թ. Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսն օրհնում կամավորներին:

Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: 

Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ. «Էջմիածնի միաբանը շրջում էր մի մասից մյուսը և իր ճառերով բարձրացնում զորքերի տրամադրությունը։ Կրկնվում էին Վարդանանց պատմական օրերը…»:

Հայ հոգևորականներից շատերն էին այդ օրերին խաչի փոխարեն զենք վերցրել:

Բաշ Ապարանի ճակատամարտում Տեր Տաճատ և Տեր Հովհաննես քահանաների կազմակերպած աշխարհազորային ջոկատներն առաջին անգամ դիմագրավեցին թուրքական զորքերի հարձակումներին: Բաշ-Ապարանի պաշտպանության թեժ օրերին` մինչև աշխարհազորայինների օգնության հասնելը, Տեր Տաճատի ջոկատը (40-50 մարդ) առաջինն է կրակ բացել թուրքական առաջապահ զինվորների վրա՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի Երևան:



Ղարաքիլիսայի ճակատամարտում Հայկական զինված ուժերին աջակցում էին կամավորական շարժման հայտնի ղեկավարներից Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր- Մովսիսյանը, Դարպաս գյուղի քահանա Տեր Կոմիտաս քահանա Սարգսյանը: Նրանք, համախմբելով մի քանի գյուղերի բնակիչներին, ամուր դիմադրություն կազմակերպեցին թշնամուն: