ԱՄՆ-ը Կուբան կրկին ներառել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում

102

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբան կրկին ներառել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում: Այս մասին հայտարարելով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կուբային մեղադրել է այն բանում, որ նա «բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչության գործողություններին՝ ահաբեկիչներին ապաստաններ տրամադրելով»:

Պոմպեոն նաեւ ասել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է «զրկել Կաստրոյի ռեժիմին այն ռեսուրսներից, որոնք նա օգտագործում է տանը իր ժողովրդին ճնշելու համար, եւ դիմագրավել Վենեսուելայում ու Արեւմտյան կիսագնդի մնացած հատվածում նրա չարամիտ միջամտությանը»:

2015-ի մայիսին ԱՄՆ-ը Կուբան հանել էր ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մի քանի ամսվա ընթացքում Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածություն էր ձեռք բերել, ներառյալ` երկու երկրների միջեւ ուղեւորությունների եւ առեւտրի ընդլայնման ծրագիրը:

News.am