«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որակի հանրային քննարկումը

91

Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «365․նյուզ» կայքի լրագրող Մհեր Արշակյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Հայաստանում «Freedom House» կազմակերպության ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանը։ Հանրային քննարկման թեման էր՝ կեղծ ինֆորմացիա, որն է թիրախային լսարանը։

Պետրոս Ղազարյանն իր խոսքում վարկաբեկեց իրավապաշտպաններին, փաստաբաններին, վերլուծաբաններին, գործընկերներին, իսկ եկեղեցու հասցեին հեգնանքով արտահայտվեց․ «Բոլորս դարձել ենք ավելի քրիստոնյա, մեր Եկեղեցին, Կաթողիկոսը, պաշտպանենք մեր արժեքները․․․»։

Դանիել Իոաննիսյանն իր խոսքում նշեց․ «Ենթադրենք իմ մասին ինչ-որ մի հեռուստատեսությամբ սուտ են տարածում, որ Դանիել Իոաննիսյանը և այլ սորոսականներ Ղարաբաղը ծախեցին։ Ես արդյո՞ք ունեմ հարթակ, որը նույնքան մարդու կհասնի, որ ասեմ, որ նախ էս ԱրմՆյուզ հեռուստաընկերության հիմնադիրներից մի քանիսն ավելի շատ փող են ստացել Սորոսի հիմնադրամից, քան ես երբևիցե»։

Պետրոս Ղազարյանը շարունակեց․ «էդ ընդհանրապես ունիկալ դեպք ա, ո՞նց կարելի ա, երբ քո սեփականատերերից երկուսը՝ մեկը սորոսի աշխատող ա եղել, մյուսը Սորոսից գրանտ ա ստացել, նստել և հակասորոսական ֆիլմ ցույց տալ։ Դա նշանակում է թքել մարդկանց երեսին»։

Այնուհետ մեկնաբանը, խոսքն ուղղելով Դանիել Իոաննիսյանին, հարցրեց․ «Իսկ քեզ չե՞ն կանչում այդ ալիք»։ Իոաննիսյանը պատասխանեց․ «Վաղուց չեն կանչում»։ Մեկնաբանը շարունակեց․ «Ես հրավիրում եմ այդ «Քառյակ մեդիայի» քառյակին եթեր, և փորձենք հասկանալ՝ ով ով ա էս երկրում, մեծ հաճույքով»։

«365․նյուզ» կայքի լրագրող Մհեր Արշակյանն իր խոսքում ասաց․ «Պատերազմի ժամանակ մեդիատեռորը տարրալուծվեց, որովհետև ամբողջ ընթացքում ժողովուրդը լսում էր՝ հաղթելու ենք․․․«Թերթ էյ եմը», որը կուտակել է բոլոր այդ հայհոյանքները, բացասականը էն խոսքը չի․․․»։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց․ «Դա եմ ասում, ընդդիմությունն ասում ա՝ դուք պատերազմի ժամանակ խաբում էինք ժողովրդին, մենք էլ հիմա ենք խաբելու, բարև ձեզ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց․ «Իշխանության կողմից նույնպես եղել են և՛ ատելության խոսք, և՛ վիրավորանք, և դրանից ոգևորովել է ընդդիմությունը և, առհասարակ, բոլոր չափուսահմաններն է անցել, հասարակ քաղաքացին էլ նայում է՝ ուրեմն կարելի է, ես էլ նստեմ ֆեյսբուքում, դեռ մի բան էլ ավելին գրեմ։ Սա մեր երկրում և քաղաքական կուլտուրայի բացակայության մասին է խոսում, և մարդկանց ներքին ատելության, անդաստիարակության մասին է խոսում։ Լրագրողական կազմակերպություններն այդ լծակները չունեն, իշխանությունն ունի, և առաջին հերթին հենց ինքը պետք է և պատասխանատվություն կրի և քայլեր ձեռնարկի այս մթնոլորտը հաղթահարելու համար»։

Հայաստանում «Freedom House» կազմակերպության ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանն էլ նշեց․ «Պատերազմի օրոք մենք ականատես եղանք ահռելի աստիճանի հասնող դեզինֆորմացիայի, որը մեզնից յուրաքանչյուրի համար շոկ էր և դրա համար էլ պարտությունն այդքան ցավագին ընկալվեց, որովհետև այդ անհեթեթ հեշթեգը՝ հաղթելու ենք, հաղթել ենք․․․այնքան հակասական ինֆորացիա եղավ՝ վստահությունը կորեց»։

Պետրոս Ղազարյանը նշեց․ «էս վիճակը, որ մենք ունենք՝ հետևանք ա, ձևավորվել ա վաղուց, այն, որ ֆինանսներ ունեցող կառույցներն են մեր լրատվամիջոցների տերերը, և մի օր նրանք սրա անհրաժեշտությունը կունենային, առաջ չունեին այսպիսի անհրաժեշտություն գրելու, հիմա ունեն «վիժվածք» գրելու անհրաժեշտություն, որովհետև քաղաքական պայքարը նրանք այդ տրամաբանության մեջ են տեսնում։ Ինչպե՞ս անենք, որ հեռուստընկերությունները չլինեն քաղաքական ազդեցության տակ, ինչպե՞ս անել, որ ԶԼՄ-ները չլինեն 180, 200 տոկոս քաղաքական ազդեցության տակ, իսկ մեր մոտ էդպես ա»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որակի հանրային քննարկումը, որտեղ մեկնաբանը հեգնում է, կարծիք հայտնում, անհարգալից վերաբերմունք ցուցաբերում այլ հեռուստաընկերությունների ու լրատվամիջոցների հասցեին, խոսում մեդիագրագիտության մասին, մինչդեռ ինքն է խախտում այն։ Արձանագրում ենք, որ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, լուծումներ չտրվեցին։ Մեկնաբանը չանդրադարձավ իշխանության բացթողումներին, որ պատերազմի ողջ ընթացքում հանրությանը ստել են, փոխարենը մեղադրեց բոլորին՝ իրավապաշտպաններից մինչև փաստաբաններ ու եկեղեցի։