Հասցեական ուղերձ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին

135

ՊՆ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը դիմում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ գրելով.

Հարգելի պարոն Միքայելյան, երբ 2018թ. նոյեմբերի 26-ին, լինելով ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իմ ֆեյսբուքյան էջում հակադարձեցի Ձեր այն արտահայտությանը, թե իբր «թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը», րոպեներ հետո զանգ ստացա Երևանից և ստիպված էի երկարամյա ծառայություն անցած զինվորականիս բնավորությանն անհարիր զիջման գնալ և հանել գրառումս: Տարիներ անց ասեմ, որ նախքան այդ երկտողը հանելը, իմ կողմից շատ հարգված այն ժամանակվա ՊԲ հրամանատարին ներկայացրի ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր, սակայն ստացա կտրուկ մերժում… Ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվեց «ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԻՐ ԳՐԱՌՈՒՄԸ» վերտառությամբ հրապարակումը և առաջին անգամ 25-ամյա զինվորական ծառայության ընթացքում ես ինձ անտանելի վատ զգացի: Վատ զգացի ոչ թե նրա համար, որ ինձ բավականին հոգեհարազատ լրագրողական հանրույթի կողմից արժանացա նման ուշադրության, այլ, որ համոզված էի ձեզ հասցեագրած տողերիս ազնվության մեջ, բայց հանել էի… Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում նաև Դուք… Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը… Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ «Երկրապահ» կամավորականների միությունը, շարունակում եք չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ… Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ…

Այսքանով հանդերձ, որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար … Մաղթում եմ մարտնչող երկրապահին հարիր ոգի և ամրություն:

Հարգանքներով՝ պահեստազորի գնդապետ Ս. Հասրաթյան