Կրիպտոարժույթների փոխարժեքի ամրապնդումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրական շուկայում այս անկայունությունը կշարունակվի. տնտեսագետ

117

Կրիպտոարժույթները, որ արժույթի բավական երիտասարդ տեսակներ են. դրանց պատկանելիությունը որևէ երկրի կամ որևէ միջազգային կազմակերպությանը չէ, այլ բիզնես խմբի են, որը թողարկում է այդ արժույթը և տարածում։ Կրիպտոարժույթի տարբեր տեսակներ կան, դրանք հիմնականում շոշափելի չեն, դրանց շրջանառությունն անկանխիկ է։ ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ 2018 թ-ին ԱՄՀ-ը նաև հորդորում էր հաշվի առնել կրիպտոարժույթների ռիսկերը, քանի որ նաև որևէ երկրին չպատկանելով՝ այդ ռիսկերը վերահսկողության էլ ենթակա չեն։ «Իհարկե, դրանց ծավալները շատ փոքր են, քան իրական արժույթների ծավալները, բայց տեսնում ենք, որ դրանք բավական ակտիվ զարգանում ու ծավալներն ավելացնում են»։

Նա ընդգծեց, որ հիմա համաշխարհային տնտեսությունում այդ արժույթների տարածման և փոխարժեքի բարձրացման համար դրական միջավայր է, քանի որ ինքնին համաշխարհային տնտեսության ռիսկերը բարձրանում են և պահուստային արժույթների՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի, ճապոնական իենի փոխարժեքների ռիսկը բարձրացել է։
«Տնտեսությունները, որ սպասարկում են իրենք, գտնվում են ռիսկային վիճակում, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով։ Այսպիսի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ռիսկային վիճակում, երբ մեծանում են ռեզերվային ազգային արժույթների ռիսկերը, կիպտոարժույթների լիկվիդայնությունը բարձրանում է։ Միաժամանակ, բարձրանում է նաև ոսկու արժեքը։ Մարդկանց միջոցների, խնայողությունների կապիտալացնելու, պահպանելու միջոց է դիտարկվում նաև կրիպտոարժույթները։ Այսինքն, կրիպտոարժույթի փոխարժեքի ավելացումը պայմանավորված է հենց համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակով, ընդ որում՝ հենց այդ արժույթների պահանջարկի ավելացումն է նաև խթանում դրանց փոխարժեքի ավելացմանը։ Սա կտևի այնքան ժամանակ, որքան իրական շուկայում այս անկայունությունը կշարունակվի, համաշխարհային շուկաներում առկա խնդիրների հաղթահարմանը զուգահեռ՝ մենք ականատեսը կլինենք հակառակին՝ թե ոսկու, թե կրիպտոարժույթների գների նվազման»։