Դրածո ռեկտորը

1012

Քանի որ Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) սորոսական ռեկտոր Ռուստամ Սահակյանն իմ՝ մինչ այս իրեն հղված ոչ մի հարցի չի պատասխանել ըստ էության, այլ միշտ փորձել է պարզունակ խուսանավումներով «տակից դուրս գալ», կփորձեմ նրան հարցեր ուղղել հիմա էլ հրապարակավ՝ նույնպիսի արձագանք ակնկալելով ռեկտորից` վաստակաշատ սորոսականներ Արայիկ Հարությունյանի (ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ պարապ, այն է՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական), Դիանա Տեր-Ստեփանյանի («Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող, համատեղությամբ՝ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նշանակված նախագահ), Արթուր Սաքունցի (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) ԴՐԱԾՈՅԻՑ։ 

1.            Տևական ժամանակ է, ինչ Ձեր ղեկավարած բուհում գիտխորհրդի նիստեր չեն գումարվում։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով գործող սահմանափակումները բնականաբար չէին կարող խանգարել այդ նիստերի անցկացմանը, քանի որ դրանք կարելի էր կազմակերպել նաև առցանց եղանակով, ինչպես մյուս բուհերում։ Վստահ եմ՝ Դուք գիտեք, թե կրթական կառույցի կառավարման մեջ որքա՛ն մեծ է գիտխորհրդի դերը, սակայն տպավորություն ունեմ, որ իմանալով հանդերձ՝ այնուամենայնիվ չեք գիտակցում դրա նշանակությունը։ Ավելին՝ գիտխորհրդի նիստեր չանելով, իսկ դա նշանակում է՝ բուհի կրթական, գիտական, ուսումնական գործընթացները բարձիթողի վիճակում թողնելով,  Դուք չեք վարանել պարտաճանաչորեն ստանալ Ձեր աշխատավարձը, որը կրկնապատկել էիք  համալսարան դեռ ոտք դրած-չդրած։ Ավելին՝ տպավորություն կա, թե գիտխորհրդի նիստերի կարևորությունը Դուք ստորադասել եք Ձեր անձի «կարևորությանը», «փոխարինել» Ձեզնով․ ի՛նչ գիտխորհուրդ՝ Ռուստամ Սահակյանն էլ «հերիք» է։ Արդ՝ հարց․ Դուք ինչո՞ւ եք ստացել վերջին 9 ամիսների ավելի քան 6 միլիոն դրամ աշխատավարձը, եթե չեք կատարել Ձեր հիմնական պարտականությունը՝ բուհը ղեկավարել օրենքով սահմանված մարմնի միջոցով՝ գիտխորհրդով և նրա նիստերով։

2.            Ձեր նախընտրական ծրագրում Դուք մեծ նշանակություն եք տվել բուհի գիտական ներուժի զարգացմանը և դրա ընձեռած հնարավորությունները բուհի կարիքներին ծառայեցնելու քաղաքականությանը։ Դուք գիտության մարդ եք (այդպես, համենայն դեպս, ներկայանում եք), բայց բուհի աշխատակիցները, առավել ևս՝ պրոֆեսորադասախոսական կազմը վերջին 9 ամիսների ընթացքում այդպես էլ չհամոզվեցին դրանում․ Դուք նույնիսկ մի մասնագիտական հոդված չփորձեցիք հրապարակել բուհի գիտական տեղեկագրում՝ այն դեպքում, երբ տեղեկագրի բնագիտական պրակը Ձեր գալուց հետո հայտնվել է աննախանձելի վիճակում՝ գիտական նյութերի աննախադեպ բացակայության պատճառով։ Դուք ինչո՞ւ ՎՊՀ գիտնականներին, ռուսի ասած՝ «մաստեր-կլաս» ցույց չտվեցիք՝ առ այն, թե ի՛նչ գիտական արտադրանք կարող է տալ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը, որի ինքնագնահատականը հայերենից և ռուսերենից «կատարյալն» է։ Ինչո՞ւ բուհի գիտնականներին և մյուսներին  զրկեցիք Ձեր «կատարյալը» ըմբոշխնելու բավականությունից։  Համեմատության համար ասեմ, որ ռեկտորի պաշտոնում Ձեր նախորդը (պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը) առիթը բաց չէր թողնում սեփական գիտական աշխատանքները բուհի գիտական տեղեկագրում հրապարակելու։ Եվ գիտեք ինչո՞ւ։ Որովհետև նա վարչական աշխատանքից առավել կարևորում էր գիտական աշխատանքը։

3.            Մեր օրերում որևէ կառույցի, նաև կրթական կառույցի մասին ամենաստույգ տեղեկությունները, ինչպես նաև առաջին կարևոր տպավորությունը մարդիկ ստանում են համացանցային կայքերից։ Սակայն ՎՊՀ-ում Ձեր հայտնվելով՝ բուհի պաշտոնական կայքը նույնպես մատնվել է անգործության․ այն ավելի շատ հայտարարությունների տախտակ է հիշեցնում, ընդ որում՝ խիստ կասկածելի գրագիտությամբ, կամ էլ «պետք է գալիս» մահազդներ հրապարակելու համար։ Մինչդեռ ժամանակ կար, որ vsu.am կայքը հանրապետության մի քանի տասնյակ բուհերի շարքում 4-րդ հորիզոնականին էր հասել։ Ինչո՞ւ «մեռավ» ձեր կայքը, Դուք ինչո՞ւ եք ծախսում կայքի գործարկման համար նախատեսված բյուջետային միջոցները, եթե կայքը փաստորեն ոչինչ չի անում։

4.            Վերադառնամ ձեր հրատարակած, իսկ ավելի ստույգ՝ չհրատարակած գիտական տեղեկագրին։ ՀՀ ԲՈԿ-ը սահմանել է հստակ ժամանակացույց գիտական տեղեկագրերի տարեկան նվազագույն պարբերականության և տպագրության ժամկետների վերաբերյալ։ Բայց դուք 2020 թվականին այդպես էլ չհրատարակեցիք ձեր տեղեկագրի 2-րդ՝ նվազագույն պարտադիր համարը՝ երկու պրակներով, համենայն դեպս այսօրվա (08․01․2021 թ.) դրությամբ դրանք բուհի պաշտոնական կայքում զետեղված չեն։  Դուք ինչո՞վ կարող եք հիմնավորել Ձեր անգործությունը նաև այս առումով։

Ի դեպ, անգործության այս վկայությունները մի քիչ շատ չե՞ն այն հսկայական գումարի «ֆոնին», որը Դուք եք ստանում։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

Գրականագետ, հրապարակագիր, ՀՀ ժուռնալիստների միության անդամ: