Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել իր` քաղաքականությունից հեռանալու մասին

80

Իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել, որում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին, փոխանցում է «Sputnik- Վրաստան»-ը:
«Ես որոշում եմ կայացրել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից եւ ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Կարծում եմ, որ իմ առաքելությունն իրականացված է»,- գրել է Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին ծնվել է 1956 թվականի փետրվարի 18-ին Սաչխերի շրջանի Չորվիլա գյուղում (Իմերեթի շրջան` Արեւմտյան Վրաստան):
2011-ին նա հայտարարել էր քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրության մասին եւ հիմնադրել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որն իշխանության էր եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո չորս այլ կուսակցությունների հետ կոալիցիայի կազմում` փոխարինելով Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իննամյա ղեկավարմանը:

Խորհրդարանական ընտրություններում կոալիցիայի հաղթանակից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից: Սակայն 2018-ի մայիսին նա վերադարձավ եւ ստանձնեց «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահի պաշտոնը:
Բիձինա Իվանիշվիլին իր կարողությունը Ռուսաստանում կուտակել է 1990-ականներին, ապա` տեղափոխվել Վրաստան, որտեղ երկար ժամանակ բարեգործական գործունեությամբ էր զբաղվում: