Պուտինը և Մակրոնը քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր

122

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախևառաջ այդ հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերի քննարկումը:

«Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը սատարելու Ռուսաստանի ջանքերին։ Ընդգծվել է ռազմական բախումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարևորությունը, այդ թվում ՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով»,- նշվում է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ: