Որմնանկարն արված է իտալական Սիենա քաղաքի Պալացո Պուբլիկոյի (ներկայիս քաղաքապետարանի) սրահներից մեկում

400

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Միքայել Մինասյանի այսօրվա Ռեքվիեմի սկզբում Ամբրոջո Լորենցետիի «Լավ կառավարման այլաբանությունը» որմնանկարի վրա ցույց էր տրված, թե ինչպիսի արժեքներ են պետք քաղաքականության մեջ, որպեսզի ապահովեն բարի կառավարում։ Որմնանկարն արված է իտալական Սիենա քաղաքի Պալացո Պուբլիկոյի (ներկայիս քաղաքապետարանի) սրահներից մեկում։

Եվ քչերը գիտեն, որ «Լավ կառավարման այլաբանության» պատին դեմ-դիմաց պատկերված է «Վատ կառավարման այլաբանությունը» որմնանկարը։ Այդ որմնանակների շարքը, որը կոչվում է «Լավ և վատ կառավարման այլաբանություն», հաճախ կարճ ասում են՝ «Պատերազմ և խաղաղություն»։ Միստիկական պատահականությամբ՝ «Վատ կառավարմանը» այդքան էլ լավ չի պահպանվել։

Ռեքվիեմում մենք տեսանք, թե ինչ էր պատկերված լավի՝ խաղաղության դեպքում։ Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում վատ կառավարումը՝ պատերազմը։

Կենտրոնում, թույնով լի բաժակը ձեռքին նստած է նեռը՝ բռնակալը՝ դիվային կոտոշներով ու ժանիքներով։ Նրա ոտքերի տակ ջարդված կշեռքն է ու շղթայված Արդարադատությունը, իսկ գլխավերևում, ձախից, Ագահությունն է՝ փողի քսակով, մեջտեղում՝ Հպարտությունն է՝ պարտքի խորհրդանիշ լուծը ձեռքին, իսկ աջ կողմում՝ Փառասիրությունը՝ հայելիով հմայվում է իրենով։

Բռնակալից ձախ նստած են Խաբեությունը՝ չղջիկի թևերով և գավազանը ձեռքին, այնուհետև՝ Դավաճանությունն է՝ կարիճի պոչով գառը ձեռքին, իսկ երրորդը՝ Դաժանությունն է, ով օձին կերակրում է երեխայով։

Բռնակալից աջ նստած են Զայրույթը՝ վարազի գլխով և կենտավրոսի մարմնով մի արարած, ձեռքին դաշույն, դրանից աջ՝ Տարաձայնությունը, ում շորի սպիտակ հատվածում գրված է «Այո», սևում՝ «Ոչ» և ով մեջտեղից սղոցում է համաձայնությունը, իսկ երրորդը՝ Պատերազմն է՝ սուրն ու վահանը ձեռքին։

Ես իհարկե սա գրելուց լիքը համընկնումներ գտա մերօրյա իրականության հետ, բայց չեմ բարձրաձայնի, կթողնեմ ամեն մեկդ ինքներդ գտնեք նմանությունները։