Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում / մաս 1

119

Վարդան Բալյանը իր ՖԲ էջում գրում է, –

2018 թվականի հեղափոխությունից ամիսներ առաջ իշխանության ներքին խոհանոցին լավատեղյակ նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ զրույցի ժամանակ վերջինս համարյա ճշգրիտ նկարագրում էր զարգացումները, որոնք հաջորդեցին իշխանափոխության գործարքին։ Անկեղծ կլինեմ, մեր զրույցի մեկնակետը և կանխատեսումները նույն տրամաբանության մեջ էին, որովհետև ընթացող աշխարհաքաղաքական շախմատային խաղի մասնակիցների ռազմավարական նպատակադրումը ակնհայտ էր երկուսիս։ Համոզված եմ, զրուցակիցս կարդալու է գրառումը, այդուհանդերձ, անուն չեմ տա, եթե ինքը կամենա, կարող է հրապարակայնացնել։

Ի՞նչ էինք խոսում, ո՞րն էր առիթը։ Չզարմանաք, Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում։ Հիշեցնեմ, Արմեն Սարգսյանը հայ հանրությանը և քաղաքական դաշտին անծանոթ մեկն էր, ում այսօր իր տարեդարձը նշող Լևոն Տեր֊Պետրոսյանը 1996 թվականի նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց Հրանտ Բագրատյանի հրաժարականից հետո նշանակեց վարչապետ։ Զուգահեռաբար ՆԳ նախարարի պաշտոնից ազատվեց Վանո Սիրադեղյանը՝ նշանակվելով Երևանի քաղաքապետ, իսկ միավորված ՆԳ և Ազգային անվտանգության սուպերնախարար նշանակվեց Սերժ Սարգսյանը։ Ինչևէ, Արմեն Սարգսյանը որոշ ժամանակ անց երկրից հեռացավ, պատճառ հայտարարվեցին առողջական խնդիրները, ինչին հետևեց հրաժարականը։ Շատերը չեն մոռացել, որ բոլորն այդ ժամանակ խոսում էին, թե իրականում Վազգենն Սարգսյանը նրան ծեծել է, այդ մասին խոսակցությունները ակտիվացան նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման ժամանակ։ Չեմ մեկնաբանի այդ փաստերը, բայց կհիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիայում դեսպան նշանակված Արմեն Սարգսյանը ուղեկցում էր վարչապետ Վազգեն Սարգսյանին նրա ամերիկյան այցի ընթացքում, ուշադրություն, 1999 թվականի սեպտեմբերին։ Հատուկ այդ նպատակով դեսպանը Լոնդոնից ժամանել էր Վաշինգտոն՝ հանդիսանալով փոխնախագահ Ալբերտ Գորի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի վարչապետի բանակցությունները նախապատրաստող անձը։ Զրուցակիցս, որ շատ ավելի տեղեկացված էր հանգամանքներին, Արմեն Սարգսյանին ամենևին էլ բանակցությունները նախապատրաստողի դերում չէր ընկալում, այլ իրական մասնակցի։

Ստիպված եմ մի փոքր պատմական էքսկուրս անել։

1998 թվականին հրաժարական տվեց Արմեն Սարգսյանին վարչապետ նշանակած նախագահ Տեր֊Պետրոսյանը, ով 1997 թվականի նոյեմբերի 1֊ին  հանդես եկավ “Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը”  հոդվածով, որն էլ շատերի կարծիքով ընկած էր նրա իշխանազրկման հիմքում։ Այս մասին կխոսենք առանձին, քանի որ թեման չի կարելի քննարկել հրաժարականից անկախ։

Բաց կթողնեմ որոշ իրողություններ վերոնշյալի հետ կապված, իսկ պատմությունը կշարունակեմ  ԱՄՆ մեկնելուց առաջ 1999 թ֊ի օգոստոսին արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանի Մեղրի այցելությունից, որտեղ նա հրապարակավ խոսեց Մեղրիի նշանակության մասին.

“Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում”։ Սրանք Վազգենի խոսքերն էին, լավ հիշեք։

Արդեն սեպտեմբերին Սադարակում հանդիպում ունեցան նախագահներ Քոչարյանը և Ալիևը, և այդ հանդիպումը ամենևին հերթական չէր, ինչպես ներկայացվում է։ Հերթական չէր, ինչի մասին վկայող  հանգամանքներից էր այն, որ արդեն հաջորդ օրը ստացվում է ուղերձ ԱՄՆ փոխնախագահ Գորից, որտեղ հույս է հայտնվում, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մինչև նոյեմբեր ավարտեն բանակցությունները

«Ստամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին»:

Վազգեն Սարգսյանի ամերիկյան այցը ուղղակի կապ ուներ հենց այս թեմայի հետ, այցի հիմնական նպատակը հենց Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններն էին, որոնց կազմակերպիչը խոշոր հաշվով ներկայում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր։

Շարունակելի