Երկրի հակառակ կողմը կամ հակահայաստանը

144

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր ՖԲ էջում գրում է, –

• Հիշո՞ւմ եք նորածին մանկան պատկանելության համար Սողոմոն թագավորի մոտ վեճի եկած երկու անառակ կանանց (Գ Թագաւորաց 3:16-28)։ Երբ թագավորը հրամայեց սրատել երեխային և մի կեսը տալ մեկին, մյուս կեսը՝ մյուսին, իրական մայրն աղաչեց երեխային տալ մյուսին, միայն թե վերջինս կենդանի մնա, իսկ կեղծ մայրն ասաց․ «Մի՛ իմ լիցի, եւ մի՛ դորա, կտրեցէ՛ք ընդ մէջ» («ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»)։ Սա առակ է զոհաբերության պատրաստ իրական սիրո մասին։

• Հարցրե՛ք «նախկին թալանչիների» ցանկացած ներկայացուցչից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց ցմահ իշխեր Նիկոլը, իրենից հետո էլ՝ որդին։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «այո»։ Ապա դարձե՛ք և հարցրե՛ք Նիկոլի ներկայացուցիչներից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց «նախկինները վերադառնային»։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «ոչ»։ Մի պատասխանում դուք կգտնեք Հայաստանը, իսկ մյուսում՝ հակաՀայաստանը…

• Ինչպես և աստվածաշնչյան այդ երկու անառակ կանայք, որ ապրում էին մի տանը, լեռնական Հայաստանն ու դաշտային Հայաստանը նույնպես ապրում են մի տանը, Հայաստանն ու հակաՀայաստանը նույնպես ապրում են մի տանը։ Նիկոլի իշխանության գալն արտահայտությունն էր հակաՀայաստանի հաղթանակի, իսկ նրա իշխանակալության շարունակումը՝ դրա հաղթարշավի։

• Այդ հակաՀայաստանը դարերով մեզանում արմատացած և Հայաստանի անբաժանելի մասը դարձած երևույթ է։ Դա Ավանում Բյուզանդիայի Մորիկ կայսեր հիմնած հակաթոռ կաթողիկոսությունն է, Լոռու քաղկեդոնական տաճարներն են, ուշ միջնադարում հայերին դավանափոխ անող կաթոլիկ և բողոքական միսիոներներն են, Հայաստանը Բուլղարիայի և Հունաստանի նմանությամբ ազատագրել փորձող օտարահայ ուսանողությունն է, Հայաստանը «գավառներ» կոչող Թիֆլիսի ու Կ․ Պոլսի մտավորականությունն է, որ ռեինկարնացվել է «կասկադահայության» ու «սորոսահայության» տեսքով։

• Թե որն է իրական Հայաստանը, կասեմ հաջորդիվ, բայց նախ պետք է ամրագրել, որ աշխարհագրական դարավոր պառակտման ու տեղական էլիտաների ընդհատության պատճառով՝ Հայաստանն ու հակաՀայաստանը երրորդ թագավորաց գրքի անառակների պես ապրում են նույն տանը, և այս պահի դրությամբ դատը շահել է հակաՀայաստանը, իսկ Նիկոլը դրա մարմնավորումն է…