Այն վայրերում, ուր մահը…

133
culture

Այն վայրերում, ուր մահը
Գտավ հերոս մարտիկին,
Մոլեգին ու կատաղի
Քամիներ են շառաչում,
Ու նրանց հառաչի մեջ՝
Խոնարհումի, մեծարման
Ու աննահանջ տոկումի
Հզոր պահանջն է հնչում։

Այն վայրերում, ուր մահը
Գտավ հերոս մարտիկին,
Կապուտաչյա ու քնքուշ
Անմոռուկներ են աճում,
Ու նրանց լուռ հայացքում՝
Երկյուղած ու ամոթխած՝
Հիշատակի, խնկարկման
Արդար պահանջն է ննջում։

Մի աղջիկ է շարունակ
Թափառում այդ վայրերում,
Բարակիրան մի աղջիկ՝
Երազագույն շորերով,
Կարոտի երգը շուրթին՝
Թափառում է մոլորված,
Փնտրում երազն իր կորած
Ու չի գտնում օրերով։

Հեռվում մի կին մինչ այսօր
Դեռ լալիս է անարցունք,
Ու աշխարհից խռոված՝
Կռիվ է տալիս անձայն,
Այն վայրերում, ուր մահը
Գտավ հերոս մարտիկին,
Հուշարձան անգամ չկա՝
Լռություն է բազմաձայն։

Ռուզաննա Բոշյան
21.06.2019