Աղոթք՝ գերիների և անհայտ կորածների համար

320

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է  մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է  Սուրբ Գայանե վանքում։ Պատարագի վերջում նախագահությամբ Վեհափառ Հայրապետի՝ կատարվել է  մասնավոր աղոթքը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղել է  ներկա հավատավոր ժողովրդին.

Սիրելի հավատավոր զավակներ, հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ՝ մեզ պատուհասած պատերազմի արհավիրքները հաղթահարելու, դժվարություններին դիմակայելու և հայրենիքի լուսավոր օրը կերտելու համար։ Մեր հորդորն է նաև մեր Սուրբ Եկեղեցու սպասավորներին նույն տեսլականով և եռանդով շարունակելու հովվական խնամք և կարելի աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին և Աստծո խոսքով, Ավետարանի հույսի ու հավատի պատգամներով մխիթարելու գերության մեջ գտնվողների ու անհայտ կորածների ընտանիքներին։

Այս պահին, սիրելիներ, սրտաբուխ աղոթքը մեր շուրթերին, Երկնավոր Տիրոջից խնդրենք Ամենասուրբ Երրորդության օրհնությունն ու օգնականությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին՝ հայցով, որ երկնային շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն մեզ և ամենքի հետ։ Հավատավոր Մեր զավակներիդ աղոթակցությամբ Մեր հայցն ենք բարձրացնում առ մարդասեր Փրկիչ Տերը գերյալների, անհայտ կորածների, վիրավորների և նրանց ընտանիքների համար։

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ առաքեցիր՝ սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք Քեզ, Աստվածային Քո գթառատությամբ ողորմիր մեր գերիներին, որպեսզի ապահով և անվտանգ տուն վերադառնան։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր՝ զորացնելու բոլոր հայրերին ու մայրերին, հարազատներին, կանանց ու երեխաներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին, և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց սիրելիներին։

Զորացրու, Տեր, բոլոր անձանց, ովքեր եռանդուն ջանքեր են ներդնում գերիներին ազատելու, անհայտ կորածներին գտնելու և զոհված մեր նահատակների անթաղ մամինները հայտնաբերելու և ընտանիքներին հանձնելու համար։

Արդ, Բարերար և բազումողորմ Աստված, ունկնդիր եղիր Քեզ հուսացող Քո ժողովրդի ծնրադիր աղոթքներին ու խնդրանքներին, օգնական ու ապավեն եղիր նրանց և պարգևիր քաջություն ու ոգու արիություն դժվարությունների ու նեղությունների մեջ, լցրու նրանց սրտերը բարի ու լուսավոր օրվա հույսով ու հավատով։

Ի խորոց սրտից աղոթում ենք և հավատում, Ամենակալ Տեր Աստված, որ ազատություն պիտի պարգևես մեր գերյալ զավակներին, որոնց վերադարձին անհամբեր սպասում ենք բոլորս, որպեսզի միասին՝ նրանց հետ գոհությամբ փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։