Տխրահռչակ նախադեպեր. Փաշինյանը ստորագրելու է ամեն տեսակի փաստաթուղթ

151

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը hունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում, դիմելով նախարարության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը մտադրությունների մասին հայտարարություն էր։

«Մտադրությունների մասին հայտարարությունը» կարո՞ղ է համարվել «միջազգային պայմանագիր», թե՞ ոչ։  Նախարարն այդպես էլ չհստակեցրեց այս հարցը, ուստի լրացուցիչ պարզաբանման նպատակով գրավոր հարցում ուղարկեցինք նախարարի անունով:

Ինչո՞վ է կարևոր վերոնշյալ հարցադրումը:

Ստի ու կեղծիքի վրա խարխսված Փաշինյանի կառավարության՝ հատկապես վերջին շրջանի վարքագիծը մեզ հիմք է տալիս կա՛մ չհավատալու Ռուստամ Բադասյանին, կա՛մ ենթադրելու, որ Փաշինյանի կառավարությունը բառախաղերի միջոցով հերթական անգամ խաբում է հասարակությանը:

Երկրորդ պարագայում կարող է տեղի ունենալ հետևյալը: Եթե, օրինակ, «մտադրությունների մասին հայտարարությունը» կարող է համարվել «միջազգային պայմանագիր», կամ դրան այդպիսի ուժ է տալիս Փաշինյանի կառավարությունը, ապա ամենևին չի բացառվում, որ, հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթուղթը ևս չանցնի Արդարադատության նախարարությունով, այդ մասին չիմանա նախարար Բադասյանը՝ այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, բայց այն Մոսկվայում ստորագրվի Փաշինյանի կողմից և համարվի միջազգային պայմանագիր:

Այն, որ «մտադրությունների մասին հայտարարությունը» Փաշինյանի ձեռքով կարող է ստանալ միջազգային պայմանագրի կշիռ՝ հաստատվում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի մասնագիտական մեկնաբանություններում: Yerkir.am-ում հրապարակված նրա մեկնաբանության  համաձայն՝ հակառակ այն իրողությանը, որ պայմանագիրն ունենում է առարկա, իսկ հայտարարությունը՝ ոչ, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դեպքում փաստն այն է, որ «մտադրությունների մասին հայտարարությունը» ուներ և՛ առարկա, և՛ դրանք իրագործելու ժամկետներ։ Ավելին, դա առաջացրեց հետևանք՝ փաստացի տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին։

Ավելին, Փաշինյանը կարող է ամենևին էլ չտանջվել և Մոսկվայում ստորագրել ոչ թե «մտադրությունների մասին հայտարարության» տակ քողարկված պայմանագիր, այլ՝ կամայականորեն կնքել միջազգային պայմանագիր՝ անտեսելով և արհամարհելով ներպետական ընթացակարգերը: Մասնագետները այստեղ ևս փաստում են, որ միջազգային իրավունքը կարգավորում է նման դեպքերը, և այստեղ, որպես կանոն, նման անարխիստ, ոչ իրավական պետության ներպետական ընթացակարգերի խախտումները հետագայում չեն կարող վկայակոչվել միջազգային պարտավորություններ չկատարելու համար:

Եզրակացնենք. «մտադրությունների մասին հայտարարությունը» (նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն) միջազգային պայմանագրի ուժով կիրառության մեջ դրած, Ալիևի հետ «բանավոր փոխըմբռնումով» Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերն ու բնակավայրերի հատվածները թշնամուն հանձնած Փաշինյանի՝  պարտված և օրավուր գահավիժող իշխանությունը, հանուն հայրենիքի դեմ գործած հանցանքների քողարկման,  այլևս ընդունակ է ամեն ինչի. նրա համար որևէ տեսակի բարոյական, իրավական կամ քաղաքական խոչընդոտ չի՛ կարող արգելք հանդիսանալ:

Հայրենիքը վաճառած, ցայտնոտի մեջ գտնվող, պատերազմում պարտված և նսեմացված Փաշինյանի համար գոյություն ունի մեկ գերխնդիր. ևս մի քանի շաբաթ կամ ամիս երկարացնել իր իշխանության կյանքը, և հանուն դրա նա պատրաստ է  ստորագրել իր դիմաց դրված ցանկացած տեսակի և բովանդակության փաստաթղթի տակ: Սա արդեն

Արդյունքում՝ Մոսկվայում ստորագրվելիք փաստաթղթի ստեղծման գործում հայկական կողմի մասնակցությունը զրոյական է, և Փաշինյանը պարզապես ստորագրելու է այն ամենի տակ, ինչ ցանկանան կամ պայմանավորվեն Վլ. Պուտինն ու Հ. Ալիևը:  Աղոթենք, որ ծայրահեղ վատ կետեր չձևակերպեն նրանք:

Վահե Սարգսյան