Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զրկվել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության բարոյական ու հասարակական աջակցությունից

115

Դեսպան Ռուբեն Կարապետյանը իր ՖԲ էջում գրել է, –

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ և հարազատներ,

Թեև Արցախյան պատերազմից հետո որոշել էի այլևս չօգտագործել ՖԲ-ը, որը սիրված հարթակն է մեզ պարտության մատնած այսօրվա ապազգային  ու անկարող կառավարության և վերածվել է  առանց այդ էլ մասնատված Հայությունը էլ ավելի ֆրագմենտացնելու գործիքի, սակայն  ընդամենը երկու օր հետո Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը ստիպում է ասել հետևյալը.

Պատերազմի նախապատրաստումը, խայտառակ ընթացքը, այնուհետև` կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումը ու դրան հաջորդած զարգացումները  Հայաստանում բավարար հիմք են տալիս հաստատելու, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության  բարոյական ու  հասարակական աջակցությունից: Դրա մասին են վկայում ոչ թե ցրտաշունչ ձմռանը Երևանի փողոցներ դուրս եկած մարդկանց քանակը, այլ պարզ սոցիալական տարբեր հարցումների ու հասարակակական կարծիքի մոնիտորինգի արդյունքները, հարյուրավոր անձնական հանդիպումներս: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է Ն.Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը հստակորեն պահանջեցին  ՀՀ Նախագահ Ա.Սարգսյանն ու Հայության հոգևոր առաջնորդները:

Զրկվելով հասարակական աջակցությունից, պետական ու հոգևոր բարձր հովանավորությունից երկրի վարչապետը այլևս կորցրել է անհրաժեշտ քաղաքական վստահությունը Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու միջազգային հարթակներում, առավել ևս քննարկելու մեր պետության համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցեր, առավել ևս` ստորագրել որևէ նման փաստաթուղթ: Սա առաջին հերթին պետք է գիտակցեն  դաշնակից ՌԴ իշխանությունները: Հակառակ դեպքում ՀՀ-ում անխուսափելի իշխանափոխությունից հետո ստիպված պետք է կանգնեն այդ համաձայնությունների չեղարկման փաստի առջև:  Մոսկովյան հանդիպմանն ընդառաջ կոչ եմ անում իշխող քաղաքական ուժի այն ներկայացուցիչներին, որոնք դեռ ունակ են պահպանել խելամտությունը և կարող են փոխել զարգացումների ընթացքը` կասեցնելու հակապետական համաձայնագրերի կամ որևէ մեկ այլ իրավական փաստաթղթի ստորագրումը իրենց ղեկավարի կողմից: Հակառակ դեպքում վերջինիս հետ մեղսակից են դառնալու մեր պետությանն ու ազգին պատճառած բոլոր վնասների համար:

Սիրելի Հայություն,

Հայոց պետականությանը ծանրագույն հարված է հասցվել, մենք գտնվում ենք խորը համազգային ճգնաժամի մեջ,  մեզ անհրաժեշտ է  համախմբվել այս վճռական պահին և ԲՈԼՈՐ միջոցներով կասեցնել  մեր պետականության գահավիժումը…