Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ԳՇ պետին և նախարարին. Hraparak.am

131

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ պաշտպանության նախարարին։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: 

«Մեր լրագրողը նրանց ավտոմեքենաները տեսել է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։

Հրավերը կարող է պայմանավորված լինել հունվարի 11-ին Մոսկվա այցով, որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաեւ երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին եւ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նամակում Մանուկյանը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված «ծայրահեղ վտանգավոր իրավիճակի, խարխլված անվտանգային համակարգի» կապակցությամբ եւ շարունակվող զիջումներով ու կորուստներով՝ «պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով»։ Եւ հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմամբ պայմանավորված, հիշեցրել էր, որ նրանք «ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են ներկայացնել իրականությունը հանրությանը եւ կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը», ուստի հունվարի 9-ին՝ այսօր հանդիպում էր պահանջել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Թերեւս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է նրանց, որպեսզի կանխի նման հանդիպումը եւ իրավիճակը պահի իր հսկողության տակ։ Այս պահին դեռ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը Փաշինյանի մոտ են»,-նշում է լրատվամիջոցը: