Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ պատժամիջոցները չվերացվեն

131

Իրանը փետրվարի 21-ին կվտարի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, եթե մինչ այդ օրը պատժամիջոցները չվերացվեն: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադին, փոխանցում է Mehr-ը:

«Եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները մինչեւ փետրվարի 21-ը չվերացվեն, հատկապես` ֆինանսական, բանկային եւ նավթային ոլորտներում, մենք անպայման կվտարենք  երկրից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին»,- ասել է Ահմադ Ամիրաբադին:

Ըստ նրա` Իրանը նաեւ անպայմանորեն կդադարեցնի Լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը: «Դա Իրանի խորհրդարանի օրենքն է, եւ կառավարությունը պարտավոր է կատարել այն»,- հավելել է նա:

«Մենք ամերիկացիներին հնարավորություն ենք տվել, եւ ԱՄՆ նոր վարչակազմը պաշտոնը կստանձնի հունվարի 21-ին»,- ասել է Ամիրաբադին: «Նրանք մինչեւ փետրվարի 21-ը ժամանակ ունեն` պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր ժողովրդի շահերը: Մենք որեւէ հիմք չենք տեսնում մեր պարտավորությունները կատարելու համար, քանի դեռ պատժամիջոցները չեն վերացվել: Իհարկե, առանց պատժամիջոցների չեղարկման պարտավորությունների կատարումը վնասում է Իրանի ժողովրդին, եւ մինչ այժմ Իրանի ժողովուրդը տուժել է դրանից, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները ոչ մի վնաս չեն կրել»,- ասել է նա:

News.am