Թուրքիան Եվրոպայի անբաժանելի մասն է և կմնա այդպիսին. Չավուշօղլու

117

Թուրքիան պատմականորեն եղել է Եվրոպայի բաղկացուցիչ մասը և այդպիսին էլ կմնա: Թուրք ժողովուրդը տեսնում է իր ապագան Եվրամիությունում: Այս մասին պորտուգալական Diario do Noticias թերթի համար «Թուրք ժողովուրդն իր ապագան տեսնում է ԵՄ-ում» հոդվածում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Դիտարկմանը, թե Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հունական համայնքի հետ Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը կարող է համարվել Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում Անկարայի վերակողմնորոշման ցուցիչ, թուրք նախարարը պատասխանել է. «Մենք Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ եվրոպական կազմակերպությունների անդամ ենք: … 1952 թվականից ի վեր Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ակտիվորեն մասնակցում է դաշինքի առաքելություններին ու գործողություններին արտերկրում: Թուրքիան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի բլոկին 1952-ի փետրվարին` Լիսաբոնի գագաթնաժողովից հետո: ԵՄ-ին անդամակցությունը նույնպես մնում է մեր ռազմավարական նպատակը»:

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու պատմությունը ստիպում են իրեն զգալ ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Ասիայի մաս: «Մենք դա համարում ենք ոչ միայն պատմական պատասխանատվություն, այլև արժեք»,- ասել է թուրք դիվանագետը հոդվածում:

Չավուշօղլուն նշել է, որ ժամանակակից դինամիկ և զարգացող աշխարհում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն:

«Անկարան համագործակցում է արևելքից, արևմուտքից, հյուսիսից և հարավից գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու իր նպատակներին հասնելու համար: Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում նոր և հին գործընկերները այլընտրանք չեն ստեղծում, այլ, ընդհակառակը, լրացնում են միմյանց: Մենք ԵՄ-ի հետ հարաբերությունները դիտում ենք կազմակերպությանն անդամակցության տեսանկյունից: Թուրք ժողովուրդը տեսնում է իր ապագան Եվրոպայում»,- հայտարարել է թուրք նախարարը:

Yerkir.am