Երբ քաղաքականությունը եկել, մտել է իմ տուն` իմ կորած զինվոր տղայի տեսքով, դա քաղաքականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն չի․ Սերժ Սրապիոնյան

115

Հունվարի 12-ին` ժամը 14-ին, տեղի է ունենալու «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երկրորդ կարեւորագույն միջոցառումը, որի ընթացքում պետք է լինեն գեղարվեստական համարներ: Այս մասին հունվարի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց մշակութաբան Սամվել Հարոյանը:

Նա տեղեկացրեց, որ մտավորականների առաջին հավաքին մասնակցել է 130 մարդ, որից 100-ը միացել է իրենց հայտարարությանը: Դրանից հետո եւս նույնքան մտավորականներ են միացել հայտարարությանը: «Հունվարի 12-ին մենք նոր կոչով հանդես կգանք, եւ դա նույնպես կունենա նոր հետեւորդներ»,-ասաց նա: 

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր հերթին նշեց, որ այսօր ով իր հայրենյաց ձայնը բարձրացնում է, ենթարկվում է անհայտ ծագման եւ անհայտ գաղափարաբանություն դավանող մարդկանց հարձակումներին: «Ուզեցինք մեր մշակույթի գործիչների խոսքը հասցնել ժողովրդին: Որովհետեւ 17 ուժերի շարժումը, որն ունի ընդգծված քաղաքական մոտեցում, որի պահանջների մեծ մասը կիսում ենք, մասնավորապես` վարչապետի հրաժարականի պահանջը, որոշեցինք ձայն հայրենյաց բարձրացնել` հասկացնելու համար, որ այստեղ կուսակցականություն, աթոռակռիվ բառերը տեղին չեն: Այսօր կշեռքի նժարին դրված է մեր պետության, մեր հայրենիքի գոյության խնդիրը»,-ընդգծեց նա:

«Ժողովրդի մեծ մասը, որ այսօր թաղված է հետպատերազմյան հուսահատ վիճակի մեջ,  չի կարող հստակ պատկերացնել այն արհավիրքը, որը սպասում է մեզ մոտ ապագայում: Մտավորականների պարտքը նաեւ ճշմարիտ դիմագիծը ժողովրդին ներկայացնելն է, թմբիրից արթնացնելն է: Մեր խնդիրը հենց դա է` առանց ատելության քարոզի, բայց նաեւ չխնայելով սխալները ճակատին ասելուց»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են խուսափում քաղաքականություն բառից, Սրապիոնյանն արձագանքեց, որ եթե լինեին երանելի ճահճացման տարիները, իրենք քաղաքականությամբ չէին զբաղվի: «Բայց երբ քաղաքականությունը եկել, մտել է իմ տուն` իմ կորած զինվոր տղայի տեսքով, դա քաղաքականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն չի: Ես խոսում եմ արյան գնի մասին, որ գնացել է, որ հայրենիքը փրկվի, իսկ մեզ վերադարձնում են «Ինչ պետք է, նա էլ բանակցում ենք» արտահայտությամբ եւ դա արդարացնելու համար «ժող ջան»-ին են վկայակոչում, սա արդեն համատարած քաղաքականացված իրականություն է: Այսօր այն մտավորականները, ես խոսում եմ ինձ հարող մտավորականների անունից, որոնք հայտարարում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա համարում եմ առնվազն փարիսեցիություն, եւ դա շատ մեղմ գնահատական է: Եթե ես այս պայմաններում չզբաղվեմ քաղաքականությամբ, ինչ պետք է համարեմ ապազգային, հակահայ տարր»,- հայտարարեց գրականագետը: