Այն, ինչի մասին լռեց առողջապահության նախարարությունը 2020թ. ամփոփելիս և այն, ինչի մասին չխոսեցին տարին վերլուծողները. Արժանապատիվ բուժաշխատողների միություն

132

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այն, ինչի մասին լռեց առողջապահության նախարարությունը 2020թ. ամփոփելիս և այն, ինչի մասին չխոսեցին տարին վերլուծողները

2020թ. արդյունքների մասին խոսելիս ԱՆ պաշտոնյաները զբաղված էին ինքնագովազդով, միտումնավոր շրջանցելով ոլորտային փլուզումների ու ձախողումների անվերջանալի շարքը, որի պատճառը սեփական ապաշնորհ կառավարումն էր: 

Նշենք դրանցից մի քանիսն ընդամենը. 

1. Կորոնավիրուսի համավարակի նախաշեմին ապօրինի կազմաքանդվեց ՁԻԱՀ-ի կենտրոնը, 50-ից ավել աշխատակիցներ, այդ թվում բժիշկ-համաճարակաբաններ, վիճակագիրներ, լաբորանտներ, ինֆեկցիոնիստներ, ընտանեկան բժիշկներ, այլ նեղ պրոֆիլի բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր, մոնիտորինգի և գնահատման ու այլ մասնագետներ, ոլորտի բազմափորձ կազմակերպիչներ ազատվեցին աշխատանքից:

2. ՁԻԱՀ-ի կենտրոնի հսկայական ռեսուրսը, մասնագիտական զգալի ներուժը ի նպաստ չդրվեց ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այլ` անտեսվեց, արհամարհվեց և փոշիացվեց։

3. ԱՆ-ն շարունակեց նրանց նկատմամբ հալածանքները անգամ աշխատանքից ազատելուց հետո, հետապնդելով նրանց ու ներքին խողովակներով թույլ չտալով հմուտ ու փորձառու բժիշկներին խիստ պահանջարկի պայմաններում անցնելու պետական ծառայության անգամ համավարակի և պատերազմի ժամանակ: Նրանց մի մասն առ այսօր գործազուրկ է ու շարունակում է հալածվել սեփական տեսակետի արտահայտման համար:

4. Նշված մասնագետները կարող էին վերլուծել համաճարակային գործընթացները, կանխատեսել զարգացման միտումները, վերծանել վիրուսի գենոմը, որոշել վիրուսի Հայաստան ներթափանցման ուղիները, իսկ ներկայում կատարել զոհվածների նույնականացման լաբորատոր աշխատանքներ:

5. Կարող էին իրականացվել այս բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կնպաստեին համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցառումների մշակմանը, որոնք սակայն Կենտրոնի փլուզման պատճառով չիրականացվեցին:

6. Դեռ 2020թ. մարտ ամսին ՁԻԱՀ-ի կենտրոնից ազատված մասնագետների խումբը աշխատեց և կազմեց համաճարակին հակազդման ռազմավարական պլանի նախագիծը համաճարակի զարգացման մոդելավորմամբ՝ կանխատեսումների սցենարներով, որը ներկայացվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով, որտեղից էլ այն ներկայացվեց պարետատուն, սակայն անտեսվեց ԱՆ կողմից:

7. Ժամանակը ցույց տվեց, որ համաճարակը զարգացավ հենց այդ կանխատեսումներին համահունչ, որին ԱՆ-ն չկարողացավ համարժեք հակազդել:

8. Անտեսվեցին նաև համաճարակի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ողջամիտ և տրամաբանական առաջարկները, իսկ անպատրաստվածությունն ու անգործությունը, ժամանակավրեպ և ուշացած որոշումները բերեցին անվերահսկելի զարգացումների, որի պատճառով պետությունը ծախսեց ու շարունակում է ծախսել հսկայական միջոցներ:

9. Սկզբում շփոթեցրեցին հանրությանը հակասական ուղերձներով (դիմակների արդյունավետության, սովորական գրիպին նմանեցման և այլն), ծաղրով, հետո իրենց հանցավոր ինքնավստահությունը, սեփական անզորությունը, քայլերի անհետևողականությունն ու անտրամաբանականությունը նրանք փորձեցին քողարկել պրիմիտիվ մանիպուլյացիաներով՝ իրավիճակի մեղավոր նշանակելով ՀՀ քաղաքացուն:

10. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերածումը կորոնակենտրոնի պարալիզել է հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունների արդյունավետ կառավարումը և բացահայտորեն իմաստազրկել ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ միացման առանց այդ էլ ի սկզբանե անհեթեթ ԱՆ «հիմնավորումները»:

11. Առողջապահական համակարգի կոլապսի պատճառով կովիդով բազմաթիվ բուժառուներ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահացել են կամ հոսպիտալիզացվել են ուշացումով, երբ կյանքը փրկելն արդեն հնարավոր չէր: Իսկ պլանավորման բացակայության պատճառով բուժաշխատողների ռեսուրսը անխնա մսխվել է, սպառվել ու հյուծվել, իր բացասական ազդեցությունը թողնելով բուժսպասարկման որակի վրա:

12. Վարման միասնական մոտեցման բացակայության պայմաններում, բազմաթիվ, երբեմն հակասական սխեմաների, արտահիվանդանոցային պայմաններում ակնհայտաբար անվերահսկելի կիրառման արդյունքում զարգացել և խորացել է հակաբիոտիկների նկատմամբ դեղակայունությունը իր բոլոր բացասական հետևանքներով։

13. Կովիդից մահացածների դիահերձման արգելումն անհիմն էր ու չնպաստեց բժշկագիտության զարգացմանը:

14. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռք բերման համար 6 միլիոն դոլարի հատկացումը 300 000 անձի համար առանց վարակվածության տարածվածության ուսումնասիրման հետպատերազմական իրավիճակում, երբ անհրաժեշտ է իրականացնել հազարավոր վիրավորների բուժում, հաշմանդամների մարմնական և հոգեբանական ռեաբիլիտացիա, առնվազն անպատասխանատու քայլ է:

15. ԱՆ մատուցմամբ կառավարությունը պատրանք է ստեղծել, որ համավարակի խնդիրը ամենևին առողջապահական համակարգից դուրս է, իսկ առողջապահական համակարգի դերը հանգեցվել է ընդամենը անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիների սպասարկմանը, ինչը դարձյալ կատարվել է թերի:

16. Բացակայել է ֆինանսական միջոցների, այդ թվում օգնության ձևով ստացված, ծախսման և կառավարման թափանցիկ հաշվետվողականությունը:

17. Նախկինում պետպատվերով փոխհատուցման անձնական շարժառիթներով պայմանավորված կամայական գնագոյացման ու բաշխման մոտեցումները ոչ միայն չեն վերանայվել, այլ ցուցաբերվել են հերթական պոպուլիստական մոտեցումները՝ ավելի ցայտուն դարձնելով սեփական ամբիցիաները բժշկական կազմակերպությունների հաշվին լուծելու ցանկությունները:

18. Պետական միջոցների սակավության պայմաններում, անտեսելով բազում հորդորները, քայլեր չարվեցին, որպեսզի գործարարների լայն շերտերն իրենց նպաստը բերեին մարզերի համաչափ զարգացմանը և բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումներով հագեցմանը:

19. Համայնքային նշանակության, այդ թվում սահմանամերձ գյուղերի ծննդատների փակումը չի բխել ՀՀ պետական շահերից:

20. Առողջապահական համակարգի պատասխանատուների քայլերը այդպես էլ ուղղված չեն եղել բժշկական աշխարհի միավորմանը, այլ ընդհակառակը՝ հետևողական պառակտմանը և մասնատմանը, ապօրինությունների կատարմանը, այնպիսի արատավոր բարքերի սերմանմանը, ինչպիսիք անձնական հավատարմության սկզբունքով յուրայինների և օտարների բաժանումն է, մտերիմներին առանց պաշտոնի պահանջներին համապատասխանության, գիտելիքի և փորձի պաշտոնների նշանակումը, անձնական շարժառիթներով ոչ պետականամետ որոշումների կայացումն ու պետպատվերի բաշխումը»: