Փաշինյանի աջակիցների պահվածքն ապացուցում է, որ իշխանությունն ունակ չէ ոչնչի. Արթուր Խաչատրյան

136

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը գրում է.«Ես «հայկական ունիկալության» թեզին շատ թերահավատ եմ վերաբերվում, բայց պետք է ընդունենք, որ մի հարցում մենք իրոք ունիկալ ենք: Թե՛ ընդդիմությունը, թե՛ հպարտ քաղաքացիներն ընդունում են, որ Հայաստանում գործուն կառավարություն, որը կպաշտպաներ մեր ազգային շահը՝ չկա: Ընդդիմության պարագայում դա հասկանալի է: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Քանի որ օրվա իշխանությունները չեն կարող կամ չեն ցանկանում դա անել, նրանք պետք է իրենց տեղը զիջեն ազգային ունակ ուժերին: Վերջիվերջո, որքան էլ իշխանությունները մեղադրեն աբստրակտ «նախկիններին» (իսկ նախկինությունը որոշեն իշխանությունների նկատմամբ քաղաքական ուժի վերաբերմունքով), փաստ է, որ պատերազմը բռնկվեց հիմա, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրվեց հիմա, Հայաստանի սահմաններին թուրքերը մոտեցան հիմա: Զվարճալին իշխանության աջակից հպարտ քաղաքացիների պահվածքն է: «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման» ասողներն իշխանությունների գործառույթը «պատվիրակում» են ընդդիմությանը, այսինքն՝ ակամայից ընդունում են, որ կառավարությունը չի կարող կամ չի ուզում կազմակերպել սահմանների պաշտպանությունը և այդ գործը պետք է անի ընդդիմությունը: Զարմանալի է, չէ՞: Չեն պահանջում, որ իշխանությունը կազմակերպի սահմանների պաշտպանությունը, չեն պահանջում, որ զորքը ետ չքաշվի, չեն պահանջում, որ զորահավաք կազմակերպվի ու բանակը համալրվի: Պահանջում են, որ հանրահավաքների մասնակիցները գնան առաջնագիծ, կարծես թե առաջնագիծը քաղաքային բուլվար է, ուր ցանկացած մարդ կարող է գնալ, իր առջև դնել մարտական առաջադրանք ու լուծել այն: (Զենքի մասին էլ չեմ խոսում:) Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, եթե ընդունում եք, որ սահմանները պետք է պաշտպանվեն (այլապես չէիք ասի. «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման»), ինչու՞ եք դա ընդդիմությունից պահանջում, այլ ոչ թե ձեր ժողովրդական վարչապետից: Դուք էլ չէք հավատում չէ՞, որ նա դա ունակ է կամ ցանկանում է անել ու ձեր միակ հույսն ընդդիմությունն է: Իսկ ընդդիմությունն ապացուցել է, որ պատրաստ է գնալ առաջնագիծ: Դաշնակցական գումարտակի մասին շատերը գիտեն: Գիտեն, թե որտեղ է կռվել, գիտեն քանի զոհ է տվել: Հետաքրքիր է Քաղաքացիական Պայմանագիրն առաջնագծում եղե՞լ է: 2016-ի ապրիլին չեն եղել, խաբել են: Վկան` ՊՆ պարզաբանումն էր»: