ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա․ Բադասյան

104

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, դա ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ցուցարարները պահանջում էին հստակ տեղեկատվություն տրամադրել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ նախարարությունում այժմ ընթացակարգեր է անցնում փաստաթուղթ, որը Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրելու է և դրանով վավերացնելու է Հայաստանի սահմանամերձ տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք կարճ քննարկում են ունեցել նախարարի հետ և ինքը խնդրել է, որ նախարարը դուրս գա և պարզաբանում տա։

Նախարար Բադասյանը վստահեցրեց, որ այդպիսի պայմանագիր գոյություն չունի, նման պայմանագիր չի ստացել Արդարադատության նախարարությունը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք վստահ լինել, որ որևէ փաստաթուղթ չկա։

Բադասյանը ասաց, որ վստահեցնում է, որ Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես պայմանագիր կամ միջազգային պայմանագիր, գոյություն չունի։

Մելիքյանը հարցրեց՝ իսկ նա, որպես կառավարությնա անդամ, տեղյա՞կ է նման պայմանագրի գոյության մասին։

Նախարարն ասաց, որ եթե լիներ նման միջազգային պայմանագրի նախագիծ, ինքը, որպես կառավարության անդամ, տեղյակ կլիներ։

«Չի քննարկվել որևէ նման հարց, ես որևէ տեղեկատվություն որևէ նման պայմանագրի մասին չունեմ»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Փաշինյանի ստորագրածը ի՞նչ տիպի փաստաթուղթ էր։ Նախարարը պարզաբանեց, որ դա մտադրությունների մասին հայտարարություն է։

«Եթե ուսումնասիրեք միջազգային պայմանագրերի հետ կապված կարգավորումները, պրակտիկան, որը ձևավորվել է՝ որակելու նման փաստաթղթերը որպես միջազգային պայմանագիր, կամ չորակելու, այնտեղ կան հստակ կարգավորումներ՝ ինչն է համարվում մտադրությունների մասին հայտարարություն»,-ասաց նա։

Նախարարը նաև պնդեց, որ ՀՀ սահմանների փոփոխություն տեղի չի ունենում, դելիմիտացիայի և դեմարկացիայի ոչ մի պրոցես տեղի չի ունենում։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Yerkir.am