Վերանվաճել բանակ ու պետություն ունենալու իրավունքը

224

Հայկական բանակը, իրավացիորեն, ընդունված է համարել Հայաստանի Հանրապետության գլխավոր ձեռքբերումն ու ամենակայացած ինստիտուտը։
Հայկական բանակը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և հընթացս հաղթել այդ կռվում։ Այս նախադասությունը թերևս լավագույնս է բնորոշում բանակն ու ավելացնելու ոչինչ չկա։
Այս պահին, սակայն, արդիական է բանակի հանրային ընկալման մասին դիսկուրսը։ Նամանավանդ վերջին օրերին, երբ ազգը հասկանալիորեն գտնվում է բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ ու իրականացնում դրանից բխող (հաճախ անթույլատրելի) գործողություններ, հասարակության գիտակից հատվածը պիտի հատուկ ուշադրություն դարձնի այս հարցին ու փորձի խոսել մարդկանց հետ։
Անհրաժեշտ է  հասցնել հանրային գիտակցությանը, որ պատերազմը ամենևին չի ավարտվել ու չի ավարտվելու նույնիսկ այն ժամանակ, երբ եռակողմ հանդիպման շրջանակներում ստորագրվի հասարակության շրջանում «կապիտուլիացյոն»  բնորոշումն ստացած փաստաթղթին տրամաբանորեն հաջորդող՝ «վերջնական» պայմանագիր։
Մենք ապրում ենք մի  տարածաշրջանում, որտեղ անընդհատ տեղի է ունենում համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախում, ինչն էլ զուգորդվելով տարածաշրջանի պետությունների ներքին խնդիրներին՝ հանգում է պարբերական սրացումների։
Եթե փորձենք ավելի տեղային բնորոշում տալ իրավիճակին (զուտ հայ-ադրբեջանական հակամարտության ծիրում)՝ թշնամական պետությունն ամենևին չի թաքցնում, որ չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով ու անթաքույց աչք է տնկել ամբողջ Սյունիքի և Գեղարքունիքի վրա. գոնե։
Այս հանգամանքն ակներև է դարձնում, որ բանակ ունենալը հայերիս համար կենսական նշանակության հարց է և, եթե կուզեք, լուծում է գոյապահպանության խնդիր։
Հաջորդ կարևոր փաստարկը, որ պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու, այն է, որ բանակը բացի պետականության երաշխավորը լինելուց, նաև դրա խորհրդանիշներց է։ Յուրաքանչյուր զինվորական պիտի գիտակցի, որ քանի դեռ ինքը կրում է համազգեստ, որ վրա առկա են ՀՀ խորհրդանիշները, Հայաստանը ունի ու կունենա պետականություն։ Իսկ եթե պետությունն ու պետականությունը պահպանվում են, ցանկացած պարտության կարող է հաջորդել մեծ հաղթանակը։
Հայկական բանակը դիմակայելու է փորձություններին, վերականգնելու է իր երբեմնի մարտունակությունն ու պատրաստ է լինելու պաշտպանել պետությունն ու ազատագրել կորսված  հայրենիքը։ Դրա համար անհրաժեշտ է բոլորիս համախմբումն ու կամքը՝ բանակն այս վիճակի հասցրած երևույթների ու խմբերի դեմ պայքարում ու Ազգ-բանակ ստեղծելու սրբազան առաքելության մեջ։
Խավար ժամանակները կավարտվեն միայն այն դեպքում, երբ սուգն ու ցավը վերափոխենք բացառիկ կամքի ու վերանվաճենք բանակ ու պետություն ունենալու մեր իրավունքը։