Պետության շահերի տեսանկյունից առավել կարևոր հանգամանք է այն, թե լիդերն ինչ հատկանիշներ ու կարողություններ ունի, և ոչ այն, թե ինչքան շատ քվեներով է նա լիդեր դարձել

109
ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանը իր ՖԲ էջում գրում է, –
 Վերջին հարյուրամյակում Հայաստանի լիդերների ճնշող մեծամասնությունը «դարբնոցային» լիդերներն էին։ Մարդիկ էին, ովքեր լիդեր դառնալու երկար ճանապարհ էին անցնում, այդ ընթացքում կոփվում էին, ընկնում ու բարձրանում, ձեռք բերում լիդերի համար մինիմալ պահանջվող կարողություններ եւ հատկանիշներ։ Նրանք, մինչև լիդեր դառնալը, ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն էին կուտակում, լավ մարսում խաղի կանոնները, ձեռք բերում անձնական բարեկամներ այլ երկրների իշխանական միջավայրերում, հասկանում հզորների «մաստը», նրանց հետ շփվելու ձևերը և այլն։
Գուցե այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքը մի քիչ բացառություն է։ Նա գուցե այդ «դարբնոցային» լիդերներից չէր, համենայն դեպս նրա ինտելեկտուալ կարողությունները ունակ էին փոխհատուցել «ինստիտուցիոնալ սանդուղքի» չանցած բացերը։ Համենայն դեպս, չի կարելի թերագնահատել վերջին հարյուրամյակի Հայաստանի լիդերների դերը գոնե մինիմալ պայմանների ապահովման գործում։ Խնդրում եմ ասածս ճիշտ հասկանալ, բոլոր լիդերների գործունեության առնչությամբ կարող ենք մատնանշել տարբեր տրամաչափի սխալներ, զանցանքներ կամ հանցանքներ, ու ըստ ճաշակի գնահատել դրանք կործանարարության սանդղակով։
Հիմա գանք Նիկոլ Փաշինյանի դեպքին (նախապես ասեմ՝ փորձում եմ չելնել դիտմամբ տանուլ տալու վերաբերյալ շրջանառվող կանխավարկածից)։ Ինչու՞ այս ողբերգական պատերազմը, դրանում ՀՀ-ի պարտությունը տեղի ունեցավ հենց նրա ղեկավարման ժամանակ։ Կարո՞ղ ենք կապ տեսնել նրա՝ լիդեր դառնալու ճանապարհին դարբնոցով անցած չլինելու հետ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ ամեն ինչ պլանավորված էր ու «նրա ջեբը գցեցին» այս ամենը, այս դեպքում էլ պիտի ընդունենք, որ նա խնդիր ունի մյուս կարևոր հանգամանքի՝ ինտելեկտուալ կարողության հետ, որ թույլ տվեց իր հետ այդպես վարվել։
Ի վերջո, անգամ նրան իրապես հավատացող մեր հայրենակիցները ընդունում են, որ նա, մեղմ ասած, չի փայլում ինտելեկտուալ կարողությամբ։ Եվ մենք լուռումունջ շարունակում ենք երկրի ղեկը վստահել մի մարդու, ով ո՛չ դարբնոցից է դուրս եկել, ո՛չ էլ իմաստնություն կուտակել։ Դա անում ենք՝ կամ վախենալով «հների» վերադարձից, կամ քաղաքական դաշտում գործող այլ ֆիգուրների համարելով տարբեր ուժերի պրոյեկտներ (ընդ որում՝ ցանկացած նորահայտ ֆիգուրի առնչությամբ կարող ենք շատ արագ բացահայտել կապեր հների կամ դրսերի հետ), կամ երազկոտ աչքերով սպասում ենք մեր սրտի մյուս լիդերին, ով կգա, կասի այն, ինչ ուզում ենք լսել, բայց մի տարբերությամբ, որ նաև կանի իր ասածները։ Իսկ այս ընթացքում մենք շարունակում ենք ենթարկվել նորանոր ստորացումների, ստորագրում ենք՝ ինչ դեմ են տալիս ու կամաց շրջում մեր պատմության վերջին էջը։