Ոչ թե լեգենդ, այլ իրական հայրենասիրություն․ ինչպե՞ս վարվեց Վլադիմիր Մովսիսիյանը

129

Երկոսությունը կայացել է 2013 թվականին և ամբողջական տեքստը հրապարակված է  «+ ԿԻՆՈ» ամսագրի 20-րդ համարում :

Այսօրվա իշխանությունները  «եթե ժամանակ գտնեն» թող կարդան և Վլադիմիր Մովսիսյանից ինչ որ բան սովորեն…

Vladimir Movsisyan

***

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ.

Ես հպարտ եմ, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի կողմից զավթած ավելի քան 14, 5 հազ. հա հող հետ բերեցի

Ռոբերտ Մաթոսյան– Վլադիմիր Մովսիսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է / այսօրվա կարգավիճակով փոխվարչապետ Ռ. Մ. / ով խաղաղ պայմաններում ահաբեկման է ենթարկվել հայկակն տարածքները ադրբեջանցիներից պաշտպանելու համար: Դա հայ մարդու հպարտ և աներեր կեցվածք է,- գրել է պատմաբան Ստեփան Պողոսյանը: Ես նույնպես գիտեմ, որ խոսքը վերաբերում է 1984 թվականի Նոյեմբերյանի շրջանում տեղի ունեցած հանրահայտ միջադեպին, որը ժամանակին մեր հանրապետությունում առասպել էր դարձել: Նոր սերունդը այս մասին պատկերացում անգամ չունի, եթե կարելի է, փոքր ինչ մանրամասն ինֆորմացիա տվեք:

Վլադիմիր  Մովսիսյան-Այդ պատմությունը կարճ պատմել դժվարանում եմ: Փորձեմ: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն է տվել այդքան թանկագին հայոց հողի վրա ոչ միայն աշխատել, այլ նաև դժվարին պայքար մղել Հայաստանին վերադարձնելու հարևան հանրապետության կողմից անաղմուկ նվաճած մի քանի հազար հեկտար հողատարածությունը:

Նախ պետք է ասեմ, որ ադրբեջանցիները առանձին մոլեռանդությամբ են վերաբերվում հողային հարցին, որովհետև պապենական հողեր չունենալով, զավթել են ուրիշի հողերը և դրանք չկորցնելու համար պատրաստ են ամենածայրահեղ միջոցների: Եվ այդ մղումով էլ, 20-ական թվականներից սկսած, ամեն տարի, մինչև 80-ականները, քայլ առ քայլ, մետր առ մետր, հողակտոր առ հողակտոր Հայաստանի սահմանամերձ տարածքներից հողեր էին զավթել, նույնիսկ այդ տարածքներում տներ ու գերեզմանոցներ հիմնել:

Հաշվի առնելով երկու հանրապետությունների միջև սահմանային վեճերի առկայությունը՝ ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալ Զիա Նուրիևը 1982 թվականի ապրիլի 28-ի N 1197 գրությամբ հանձնարարել էր երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարներին սահմանային վեճերի հարցը կարգավորել և պատասխանել: Եվ քանի որ այդ գործը և փաստաթղթերի կազմումը ինձ էր հանձնարարված, ես պատասխան նամակ ուղարկեցի, շարադրելով ստեղծված իրավիճակի պատճառները: Նշվեց, որ նախկինում, հատկապես 1969թ., այդ հարցը երկու հանրապետությունների կառավարությունների կողմից քննարկվել էր, սակայն ստեղծված հավասարահիմունքային հանձնաժողովները ընդհանուր համաձայնության չէին եկել և գործը ավարտին չէին հասցրել:

1984 թվականի հոկտեմբերի 22 ին Մոսկվայից զանգեց Կարեն Սերոբի Դեմիրճյանը և ասաց, որ հանդիպել է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովին և պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի Դովեղի անտառից ադրբեջանական Քյամառլու գյուղ տարվող անօրինական ջրատարի շինարարական հարցը տեղում ուսումնասիրվի: Ադրբեջանցի կոլեգա Ռասի-Զադեյի հետ մեկնեցինք Նոյեմբերյան: Նա ամբողջ ճանապարհին ինձ ասում էր, որ Ղազախի շրջանի Քյամառլու գյուղում վիճակը շատ ծանր ու լարված է: Ի դեպ, ինչպես հետագայում պարզեցի, մեր գնալու նախօրեին հենց ինքն էլ գնացել ու ամբոխին գրգռել էր մեր դեմ: Այն, ինչը մշտապես բնորոշ է եղել նրանց: Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ՝ զինված մահակներով ու այլ գործիքներով հարձակվեցին մեզ վրա, մեքենան գլխիվար շուռ տվեցին, ապա նորից կանգնեցրին անիվների վրա և մեզ դուրս քաշելով, առաջինը մի թեթև հարված հասցրին Ռասի-Զադեին, ավելի ճիշտ նրա փեշերին, թե իբր դու եկել ես մեր հողերը ուրիշին տալու, այնուհետև հայերիս առանձնացրին (ինձ հետ էին նաև Նոյեմբերյանի կուսշրջկոմի 2-րդ քարտուղար Ռաշիդ Մամյանը և գյուղվարչության պետ Սուրեն Ամիրխանյան) բերեցին Քյամառլու տանող ճանապարհի խաչմերուկը և այդտեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքում, մահակնեով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին, մոտ 250 հոգի, մեծ մասը վայնասուն բարձրացնող կանայք: Սկսվեց մի խայտառակ իրարանցում, ծեծկռտուք: Լուրջ մարմնական վնասվածքներ ստացա: Այդպես բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատարների խցիկներում, թափվող քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ, ոռնոցով ու աղաղակով բերեցին իրենց գյուղի ակումբ, բարձրացրին բեմ և հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի մինչև փասթաթուղթ չստորագրեմ, որ այդ հողերը ադրբեջանակն են: Սեղանին դրեցին թուղթ, գրիչ և կացին: Դե կացինը նրանց արյան մեջ է: Մեր գյուղում ժամանակին ադրբեջանցիներ էին ապրում: Դեռ փոքր հասակից ես տիրապետել եմ իրենց լեզվին և հենց ադրբեջաներեն ասացի, որ այդ հարցերը այստեղ չեն լուծվում: Ձեր բարբարոսություններին ծանոթ եմ, ինչ էլ որ անեք, միևնույնն է ես թուղթ չեմ ստորագրելու: Եվ այդպես երեք ու կես ժամ շարունակ: Կատարվածի համար ես մեղադրեցի իրենց Ղազախի Կուսշրջկոմի առաջին քարտուղարին և Ռասի-Զադեին: Ասացի, որ այս ամենի համար իրենք պատժից չեն խուսափելու: Դրանից ահաբեկված, նրանք անմիջապես ժողովրդին հանդարտեցրին և մենք վերադարձանք Նոյեմբերյան: Կարճ ասած, այս միջադեպը արտառոց էր Խորհրդային Միությունում և հարցը հասավ մինչև ՍՄԿԿ քաղբյուրո: Ինձ հրավիրեցին Միության երկրորդ դեմքի՝ Լիգաչովի մոտ: Այդ ընթացքում խիստ հանձնարարություններ էին ստացել նաև միութենական ներքին գործերը, պետական անվտանգությունը, դատախազությունը: Մի խոսքով դրանից հետո Հայաստան եկավ Բաղիրովը և Ադրբեջանի կառավարության նախագահը, կատարվածի համար ներողություն խնդրեցին: Այսպիսով վերահաստատվեցին իրական սահմանները: Հայաստանը ետ ստացավ 14 450 հա հողատարածք։ 1988թ. հունվարի 12-ին ստորագրեցինք համատեղ արձանագրություն, որը հաստատվեց Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովի և իմ կողմից` որպես Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ: Ուշադրության է արժանի այդ փաստաթղթի 8-րդ կետը, որը ազդարարում է. «Հանձնարարել երկու հանրապետությունների հողաշինարարական ծառայություններին այսուհետև հողօգտագործողների միջև հողային վեճերի քննարկման ժամանակ որպես իրավական հիմք ընդունել միայն երկու հանրապետությունների հավասարահիմունքային հանձնաժողովների սխեմաները և արձանագրությունները»: Այսինքն ստեղծվեց մի փաստաթուղթ, որն առհավետ, անժամկետ ամրագրում էր մեր հողային սահմանների անձեռնմխելիությունը և պատկանելիությունը:

 «+ ԿԻՆՈ»  2013 թ . 20-րդ համար

Լուսանկարում ՝ մտերիմ երկու ընկերները ՝ Սոս Սարգսյաը և Վլադիմիր Մովսիսյանը

Ռոբերտ Մաթոսյանի ֆեյսբուքյան էջից