Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես բանավոր համաձայնություն եմ տվել. դա պետության պաշտպանի խոսք չէ. Ալեքսանդր Մանասյան

186

Ադրբեջանն այս պահին հենվում է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպայի Արտգործ նախարարների մակարդակով տեղ ունեցած խորհրդակցության վրա, որով որոշվել էր՝ ճանաչել հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ԽՍՀՄ-ի սահմաններում։ Այս մասին այսօր՝ հունվարի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Գուցե մյուս բոլոր Հանրապետություններում դա իմաստ է ունեցել, բայց Ադրբեջանի դեպքում դա իմաստ չի ունեցել, որովհետեւ այդ ժամանակ ԼՂՀ-ն հռչակված էր Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Ինչո՞ւ Ադրբեջանին չպատկանող տարածքներում, որովհետեւ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին մերօրյա ադրբեջանական հանրապետություն հրապարակավ հրաժարվել էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ առանց հղումներ կատարելու տարածքի, սահմանների։ Եթե Եվրոպան ասել է՝ ես ճանաչելու եմ Հանրապետությունները, դա բնավ չի նշանակում ճանաչման ակտը»,- նշեց Մանասյանը եւ հավելեց, որ ճանաչման ակտը քաղաքական ակտ է, այն տարածքային հարցեր չի որոշում։

Նրա խոսքով՝ այսօր էլ քաղաքական դաշտից դուրս իրավական աուդիտի առարկա պետք է դարձնել այն հիմքերը, որով ստեղծվել են Խորհրդային Ադրբեջանի սահմանները, ըստ Մանասյանի՝ դրանք ապօրինի են։

«Երբ մենք խոսում ենք Շուռնուխի կոնկրետ մի ճանապարհի մասին, մոռանում եք, որ Շուռնուխն էլ, Ղարաբաղն էլ Ադրբեջանին չպատկանող տարածք է։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում հայտնվել է չընդունված որոշմամբ»,- ասաց նա։

Մանասյանի խոսքով՝ տարիների ընթացքում Ադրբեջանը մաս-մաս, բզկտելով կարողացել է եւ Հայաստանից, եւ Արցախից տարածքներ վերցնել.

«Հայերս չունենք հողի զգացողությունն այնպես, ինչպես թուրքն ունի։ Թուրքը դրա մեջ միշտ տեսնում է հարստության աղբյուր։ Այնքան են կրծոտել Հայաստանի տարածքը, որ 1922-24 թվականին Հայաստանի տարածքը եղել է 30 հազար 200 քառակուսի կմ արդեն ուշ տարիներին դարձել է 29 հազար»։

Նա շեշտեց, որ հիմա մենք վերադառնում ենք Սովետական միության քարտեզին՝ առանց այդ տարածքներին վերաբերող իրավական հիմքերի. «Տարածքն իրավունք է սիրում։ Փաշինյանն ասում է՝ ես բանավոր համաձայնություն եմ տվել։ Տարածքը բանավոր համաձայնությամբ չեն լուծում։ Դա ասում է մի մարդ, որը պետական այր չէ, դա պետական այրի խոսք չէ, պետության պաշտպանի խոսք չէ։ Դրանք հայկական տարածքներ են»։

Մանասյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ն կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում. «Այսօր նա հարձակում է գործել չճանաչված մի ինքնիշխան պետության վրա, որի տարածքը զավթել են։ Իր կողմից օկուպացված տարածքը վերազավթել է։ Նիկոլ Փաշինյանի շուրջ ազգը չի համախմբվում, իսկ մեզ համախմբություն է պետք»։