Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել․ Արցախի ԱԻՊԾ

208

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Զոհված զինվորների մարմիններն անճանաչելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետեւ զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է  1194 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։