Մեր գործելու ժամանակը

115

Ինչին ականատես եղանք վերջին ժամանակներս, կարելի է որակել որպես մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն խայտառակություն:

Ականատես եղանք մարտնչող և հաղթող, հայրենիքը պաշտպանող բանակի, սակայն պարտված և ծնկի եկած իշխանությունների` անկարող ազգային շահը պաշտպանելու՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Ականատես եղանք միասնական թիկունքի, որն իր վերջին խնայողություններն էր ուղղում հայոց բանակի հզորացմանը, միաժամանակ` «թասիբի» հարց բարձրացնող իշխանությունների՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Ականատես եղանք ողջ պատերազմի ընթացքում զօրուգիշեր հայրենիքի համար ջանք ու եռանդ չխնայած Սփյուռքի, որը թե՛ հանրային դիվանագիտության ասպարեզում հասավ ակնառու հաջողությունների, թե՛ նյութական ու ֆինանսական հարցերով հայրենիքի կողքին գտնվեց անտրտունջ` ողջ պատերազմի ընթացքում ՉԽՆԱՅԵԼՈՎ ՈՉԻՆՉ, սակայն դավաճանվեց, և անտեսվեցին նաև նրա տասնամյակների ջանքն ու միջոցները՝ ծախսված Արցախի շենացման վրա, ձեռամբ հայրենի իշխանությունների և վերջիններիս իրականացրած ազգամերժ քաղաքականության պատճառով` ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Կարճ ասած՝ ականատես եղանք վատթարագույնին, որ կարող էինք սպասել, պատկերացնել…

Հայաստանի Հանրապետության գործող (սակայն արդյո՞ք գործող) իշխանությունների ապազգային ուղենիշն ակնհայտ դարձավ դեռևս վերջիններիս` իշխանության գալուց շատ կարճ ժամանակ անց: 

Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի ապագան պլանավորվում է տվյալ երկրի կրթության և գիտության ոլորտում որդեգրված քաղաքականության միջոցով: Սա հայտնի բան է: Եվ այս մոտեցումը եթե պրոյեկտենք մեր իրականության վրա, կտեսնենք, որ օրվա իշխանություններն իրենց առաջ դրել էին Հայաստանի ապագան աղճատելու, անորոշ դարձնելու, եթե ոչ առհասարակ մեզ ապագայազրկելու օրակարգ, և այդ օրակարգի տեսանելի մասում ապազգային քաղաքականության ամենացայտուն օրինակը բուհերում հայոց լեզվի դասավանդման հարցի բարձրացումն էր: Հայ երիտասարդը բնականաբար չէր կարող հանդուրժել սա, քանզի վտանգված էր հենց իր ապագան: Չհանդուրժեց և, ըստ այդմ, դուրս եկավ ապազգային իշխանությունների դեմ:

Ծայր առած բողոքի գործողություններում երիտասարդությունը հիմնական ուժն էր ու լոկոմոտիվը. երիտասարդությունն էր այն նյարդը, որը զգաց և արձագանքեց սեփական երկրին ու ապագային սպառնացող վտանգին: Այդ նյարդը չի թմրում, չի թուլանում և երբեք չի պարալիզացվում, և այդ նյարդը արթուն է նաև այսօր, երբ վտանգի առաջ է կանգնած ողջ երկիրը, կորսված է հայրենիքի մեկ երրորդը, հարցականի տակ է դրված պետականության և ազգի ապագան: Այդ նյարդը, որ կոչվում է ազգային երիտասարդություն, այսօր առավել, քան երբևէ անելիք ունի, ունի գործ, գործ, որի անունն է հայրենիքի փրկություն: Եվ այսօր այսօրինակ ծանր ճգնաժամի պայմաններում մեր ապագայի միակ գրավականն է դա: 

Չնայած իշխանական տարբեր մակարդակների պնդումներին` այսօրվա իշխանությունները չեն կարող արտահայտել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը, իղձերն ու ցանկությունները և այս ամենի հանրագումարը՝ ապագան: Այո՛, նման իշխանությունների գոյության պայմաններում ապագա լինել չի կարող: Կհասկանան դա շատերը, թե քչերը` էական չէ. սա փաստ է: Փաստ է նաև այն, որ երիտասարդները սա ընդունում են որպես իրողություն, և դրա վառ դրսևորումը գործող իշխանություններին ներկայացված հրաժարականի պահանջ-հայտարարություններն են տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդների կողմից:

Սա մի նոր պայքար է մեր վաղվա օրվա համար, մեր հայրենի հողի վրա ապրելու իրավունքի համար: Կկանգնենք այս պայքարի գծի վրա, կապրենք որպես մեր հարատև ինքնության կրողներ, չենք կանգնի, կկորցնենք թե՛ մեր գալիքի հնարավորությունը և թե՛ այդ գալիքն ունենալու բարոյական իրավունքը: Կտանենք այդ պայքարը մինչև վերջ, կստանանք ևս մեկ հնարավորություն` կերտելու մեր վաղվա Հայաստանը, չենք տանի, ստիպված կլինենք պատմությանը տալու նոր Իսրայել Օրիներ ու Հովսեփ Էմիններ: Իսկ մուրացածո պետություն ոչ ոք ոչ ոքի դեռ չի ժառանգել ու չի ժառանգում նաև այսօր` շահերի բախման այս նենգ 21-րդ դարում…

Տիգրան Չանդոյան

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 202015484454