ՀԴԲ-ն հասարակությանը խնդրում է օգնել հայտնաբերել Կապիտոլիումի մոտ «ակտիվորեն բռնություն հրահրող» անձանց

145

ՀԴԲ-ն հասարակությանը խնդրում է օգնել հայտնաբերել այն անձանց, ովքեր «ակտիվորեն բռնություն են հրահրել» նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների` Կապիտոլիումի շենք ներխուժման ժամանակ, հայտնում է The Hill-ը:

Հետաքննությունների դաշնային բյուրոն լուսանկարներ եւ տեսանյութեր է ակնկալում անկարգությունների վայրից` հայտնաբերելու համար նրանց, ով, գուցե, դաշնային օրենք է խախտել: «Մեր նպատակն է պահպանել հասարակության բողոքելու սահմանադրական իրավունքը` միաժամանակ պաշտպանելով բոլորին բռնությունից եւ այլ հանցավոր գործողություններից»,- ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

Չորեքշաբթի չորս մարդ էր մահացել, այդ թվում` մեկ կին, ով գնդակահարվել էր ոստիկանության կողմից, նախագահի կողմնակիցների բողոքների եւ անկարգությունների ֆոնին:

Ոստիկանությունը հայտնել էր, որ ծայրահեղ բժշկական բնույթի արտակարգ իրավիճակի արդյունքում մահացել է եւս երեք մարդ` մեկ կին եւ երկու տղամարդ: Անկարգությունների ժամանակ առնվազն 14 սպա վիրավորվել է: Մի սպայի «ներս էին գցել ամբոխի մեջ եւ հարձակման ենթարկել», ինչը «լուրջ վնասվածքների» էր հանգեցրել, որոնք հոսպիտալացում էին պահանջում: Եվս մի սպա հոսպիտալացվել էր:

Ոստիկանությունը 52 ձերբակալություն է իրականացրել, այդ թվում չորսը` առանց լիցենզիայի ատրճանակ կրելու համար, եւ մեկը` արգելված զենք պահելու համար: Ոստիկանությունը նաեւ երկու ինքնաշեն ռումբ է հայտնաբերել Դեմոկրատական ազգային կոմիտեի եւ Հանրապետական ազգային կոմիտեի շտաբերի մոտ: