ԼՂ-ում մինչ օրս ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1150 բնակչի. ՌԴ ՊՆ

73

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների շարժական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում օգնություն ցուցաբերել տեղի  բնակչությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:

«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական խմբեր՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բուժաշխատողների համար աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վերջին օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի Առաջաձոր բնակավայրի ավելի քան 30 բնակչի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Թերապևտիկ, վիրաբուժական և այլ պրոֆիլների որակավորված մասնագետներն հետազոտել են իրենց դիմած բոլոր քաղաքացիներին և կատարել անհրաժեշտ նշանակումներ:

Նշվում է, որ ռուս ռազմական բժիշկները մինչ օրս, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1150 բնակչի, այդ թվում՝ 144 երեխայի: Գերատեսչության հաղորդմամբ՝ տեղի բնակիչների առողջական բողոքները սովորաբար կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային, էնդոկրին ու հենաշարժական համակարգերի հիվանդությունների սրման հետ: